Փաշինյանի կեցվածքն «ապտակ» է եղել ոմանց. ինչո՞ւ է աղմկում հակահեղափոխականությունը

ԵԱՏՄ գագաթնաժողովն ավարտվեց, ու բոլոր այն ընդդիմադիր քարոզչամիջոցները, որոնք շաբաթներ շարունակ նախ՝ չարախնդալով հայտարարում էին, թե «Պուտինը հաստատ չի գա», իսկ հետո՝ «եթե գա էլ, հաստատ Փաշինյանի հետ առանձին հանդիպում չի ունենա», հիմա այլ թեմա են գտել ու այնպես են ներկայացնում գագաթնաժողովը, կարծես դրա կարեւորագույն դրվագը Պուտին-Բելլա Քոչարյան հանդիպումն էր:

Եվ, իհարկե, քննարկում են Պուտինին դիմավորելու մանրամասները, թե ինչպիսին էր նրա հայացքն այս կամ այն դրվագում, որքանով էր հարգալից ՀՀ վարչապետը, ինչպես պատահեց, որ վրացի լրագրողին հնարավորություն տրվեց հարց տալ ՌԴ նախագահին, եւ այլն: Իսկ ամենաահավորն այն է, որ անգամ մեզ համար նվաստացուցիչ հարցադրումներ են հնչում՝ ՀՀ-ում գրանցված հայկական լրատվամիջոցների ՀՀ քաղաքացի լրագրողները հոդվածներ են գրում «Կպատժի՞ Պուտինը Հայաստանին» վերնագրերով:

Այո՛, եթե ճորտությունը մարդկանց արյան մեջ է, հեշտությամբ դուրս չի գալիս: Պատկերացնո՞ւմ եք, ասենք, Թրամփը գնա Իսրայել, այնտեղ որեւէ արաբ լրագրող նրան անցանկալի հարց տա, ու հրեական թերթերը հաջորդ օրը գրեն՝ «Տեսնես ԱՄՆ-ը կպատժի՞ Իսրայելին»: Նման բան հնարավոր չէ: Այնտեղ սեփական ինքնիշխանության եւ արժանապատվության վրա կոշիկները սրբող լրատվամիջոցներ չեք գտնի:

Հիմա Ռոբերտ Քոչարյանի ու նրա գործով ՌԴ նախագահի հետաքրքրվածության մասին: Ինչո՞ւ է Հայաստանում այդքան մեծ ուշադրություն դարձվում այդ հարցին: Որովհետեւ Հայաստանում կա մի շերտ՝ նրանք, որոնք իրենց «լավ են զգացել» Քոչարյանի օրոք (կամ հիմա են լավ զգում, որովհետեւ Քոչարյանը բացել է փողի քսակն ու առատորեն ֆինանսավորում է ինչ-որ խմբերի՝ իրեն հրապարակավ աջակցելու դիմաց), եւ այդ շերտը հույս ունի, որ Ռուսաստանի աջակցությամբ Քոչարյանը ոչ միայն ազատ է արձակվելու, այլեւ վերադառնալու է իշխանության: Եվ իրենց գործերը, հասկանալի է, ավելի են լավանալու:

Այլ կերպ ասած՝ Հայաստանում կան մարդիկ, որոնք ուզում են՝ Քոչարյանը Ռուսաստանի օգնությամբ վերադառնա իշխանության ու պետության եւ ժողովրդի հաշվին եւս մի քանի հարյուր միլիոն դոլար վաստակի, դժգոհներին էլ «անզգույշ քաշքշեն» տարբեր սրճարանների զուգարաններում: Ենթագիտակցորեն այդ մարդիկ համարում են, որ եթե որեւէ մեկը Մոսկվայում լավ կապեր ունի, ուրեմն Հայաստանում պիտի վեր լինի օրենքներից, եւ նրա նկատմամբ որեւէ գործողություն չի կարելի իրականացնել առանց Մոսկվայի համաձայնության: Սա է, չէ՞, ենթատեքստը: Ու հենց սա է ճորտի հոգեբանությունը:

Ի դեպ, տասնամյակներ առաջ, երբ Հայաստանը դեռ անկախ չէր, նույն մեխանիզմն էր գործում: Եթե որեւէ պաշտոնյա Մոսկվայում (Կենտկոմում) լավ կապեր ուներ, տեղական իշխանությունները նրան ոչինչ անել չէին կարող, ու նա իրեն իրավունք էր վերապահում վարվել՝ ինչպես ուզում է: Անգամ «միութենական ենթակայության» հիմնարկներ կային, որոնց ղեկավարներին նշանակում կամ հանում էր Մոսկվան:

Փաստորեն 28 տարվա անկախությունը շատերի գիտակցության մեջ ոչինչ չի փոխել, ու դեռ կան մարդիկ, որ Հայաստանը համարում են Ռուսաստանի ծայրագավառը («ֆորպոստը», «կրտսեր եղբայրը», անվանեք՝ ինչպես ուզում եք), եւ զարմանում ու վրդովվում են, որ մեր ինքնիշխան երկրի ղեկավարն իրեն ոչ թե հլու-հնազանդ ենթակայի պես է պահում, այլ արժանապատիվ ու սրտաբաց տանտիրոջ: Տանտիրոջ, որի համար ցանկացած հյուր «գլխի վրա տեղ ունի», բայց չպիտի միջամտի «տան» ներքին գործերին (առավել եւս՝ «պատժի» տանտիրոջը, եթե ինչ-որ բան այնպես չի եղել):

Հ.Գ. Եթե որեւէ ժողովուրդ սեփական անկախությունն ու ինքնիշխանությունը չի հարգում, ուրիշները հաստատ չեն հարգի: Բարեբախտաբար՝ հարգողները մեզանում բացարձակ մեծամասնություն են:

armtimes.com

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ