«Այ, էստեղ Հրայր Թովմասյանը փստաց»․ Արամ Սարգսյանը՝ ՍԴ նախագահի չնահանջելու հայտարարության մասին

Խորհրդարանն այսօր ձայների 98 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին Սահմանադրական դատարան դիմելու որոշման նախագիծը:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով գործընթացին ու տեսակետներին, որ այս գործընթացը շարունակություն չի ունենա ՍԴ-ում, ասաց. «Երկիրն ունի խնդիր։ Դատավորները, ովքեր այն ժամանակ արդարացրել են Մարտի 1-ը կամ դատել են այն մարդկանց, ովքեր մեղք չունեին, Սահմանադրական դատարանը, որն օրինական էր ճանաչել այդ ընտրությունները, այսօր մնացել են նույնը։

Եվ փոխված Կառավարությամբ, խորհրդարանով ու նույն դատական համակարգով առաջ շարժվելը բավականին դժվար է դարձել»: Ըստ Արամ Սարգսյանի՝ չկա մեկը, որը չընդունի, թե փոփոխություններ պետք են:

«Շատ կուզենամ, որ այդ գործընթացը գնա հստակ իրավական ճանապարհով, և մենք կարողանանք նաև այս թնջուկից դուրս գալ, որովհետև արդար դատական համակարգը գերկարևոր խնդիր է»,- նշեց նա։

Անդրադառնալով ՍԴ նախագահի վերջին հարցազրույցին՝ Սարգսյանն ասաց.

«Հրայր Թովմասյանի փաստարկները գեղեցիկ մատուցվեցին, բայց համոզիչ չէին, որովհետև Հրայր Թովմասյանն ինքն է գրել այս Սահմանադրությունը։ Նախկինում, երբ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն էր, բոլոր օրենքները մեկնաբանում էր հօգուտ գործող իշխանությանը: Այս Սահմանադրությունն էլ գրել է, որ Սերժ Սարգսյանը 3-րդ ժամկետ գնա, որ ինքն էլ մինչև թոշակի գնալը ՍԴ նախագահ մնա։ Այդտեղ քաղաքական տեխնոլոգիա էր կիրառվում, և այդ տեխնոլոգիան կիրառվում էր ժողովրդին համոզելու համար»։

ՀՀ նախկին վարչապետի կարծիքով՝ ակնհայտ է, որ ՍԴ-ն նախկին իշխանության  պաշտպանության գործին է լծվել, ինչն արգելակում է պետության զարգացումը։ Հարցազրույցում Հրայր Թովմասյանը նաև հայտարարեց, որ ինքը կանգնելու է մինչև վերջ, և որ սա իր համար սահմանագիծ է, սահմանի՝ իրեն վստահված տարածքն է՝ ՍԴ-ն.

«Ինձ համար այդ սահմանին կանգնելը նույն հոգեբանական վիճակն է, ինչ այսօր հայ-ադրբեջանական սահմանին կանգնած մեր զինվորը։ Մեկ քայլ հետ գնալը, ընկճվելը, ճնշվելը դավաճանության են հավասար»:

«Ընդհանրապես դա իրավաբանի տեսակետ չի, ու այ էստեղ Հրայր Թովմասյանը փստաց։ Ի՞նչ է նշանակում՝ մինչև վերջ կանգնելու է, իրավաբանի խնդիրը մինչև վերջ իրավական դաշտում լուծելն է»,- ի պատասխան՝ ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահը՝ հավելելով, որ եթե իրավական դաշտում պարզվի, որ Հրայր Թովմասյանը չի համապատասխանում, ինքը պիտի ազատվի պաշտոնից և դուրս գա, իսկ եթե Հրայր Թովմասյանը կհիմնավորի, որ ճիշտ է, և իր ընտրությունը ճիշտ ճանապարհով է եղել, կմնա իր տեղում։ Անդրադառնալով օրերս Երևանում կայացած ԵՏՄ գագաթնաժողովին, որը  համախմբել էր մի շարք երկրների, այդ թվում՝ Իրանի, Սինգապուրի, ՌԴ-ի ղեկավարներին, Արամ Սարգսյանն ասաց.

«Ես երբեք ԵՏՄ կողմնակիցը չեմ եղել, բայց այն, ինչ տեղի ունեցավ, ես շատ դրական եմ գնահատում։ Պատկերացնո՞ւմ եք, մենք ինչ գործոն ենք, որ Հայաստանի նախաձեռնության հանդիպում է կազմակերպվում Պուտինի ու Ռոհանիի միջև։ Որ Պուտինը իջել էր նախագահականում, կողքերն էր նայում, թե այս ո՞ւր են, ոչ մեկը չի բարևում, ասացին՝ մտիր ներս, կբարևեն, սա էլ շատ դրական էր ինձ համար։ Անկեղծ ասած՝ այդ շատ հաճելի էր, հազիվ մենք մեզ արժանապատիվ պահեցինք, չվազեցինք, չխոնարհվեցինք»։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ