Երեւանի տոնի համար հատկացվել է 150մլն դրամ՝ նախորդ տարվա 1 միլիարդի փոխարեն. քաղաքապետարանը կծախսի միայն իր գումարը

«Էրեբունի-Երեւան» տոնական միջոցառումներն այս տարի տեղի կունենան հոկտեմբերի 19-ին: Մայրաքաղաքի օրը վերջին տարիներին տարբեր օրերի է նշվում: Նախկինում այն հիմնականում նշում էին հոկտեմբերի երկրորդ շաբաթվա սկզբին:

Մայրաքաղաքի տոնը նախորդ տարիների երկու օրվա փոխարեն այս անգամ կտոնվի մեկ օր: 2801-ամյա Երեւանի «ծննդյան օրը» կնշվի համաչափ. Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ տոնական միջոցառումներ են անցկացվելու մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջաններում:

Տոնակատարության համար համայնքային բյուջեից այս տարի հատկացվել է մոտ 150 միլիոն դրամ: Նախորդ տարի նույն նպատակի համար ծախսվել էր 1 միլիարդ դրամից ավելի: Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի խոսքով՝ բոլոր տարիներին միջոցառման համար հատկացված բյուջեն շատ ավելին է եղել, քան այս տարի: Տարբեր կազմակերպություններ, բանկեր եւ ընկերություններ են եղել, որոնք քաղաքապետարանի հետ փոխշահավետ համագործակցության մեջ են մտել եւ տրամադրելով որոշակի գումարներ՝ ներդրում են ունեցել տոնակատարության կազմակերպման համար:

Երեւանի քաղաքապետարանի լրատվության բաժնից նկատում են՝ քաղաքապետարանն այլեւս այդ պրակտիկան չի կիրառելու, քանի որ այդ գումարները երբեք հենց այնպես չեն տրվում. միշտ ինչ-որ բանի դիմաց են: Եթե նախկինում, ըստ Կարապետյանի, որեւէ կազմակերպություն գումար է տրամադրել կամ միջոցառման որեւէ ծախս իր վրա է վերցրել, միեւնույն է, վաղ թե ուշ դրա փոխարեն ինչ-որ փոխհատուցում է տրվել նրան: Այժմ քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը, ըստ էության, հետեւյալն է՝ բավարարվել ունեցածով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ