Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ամբողջությամբ խզել է «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Հայկ Մարությանը հայտնել է երևանցիներին ուղղված տեսաուղերձում:
Նա նշել է, որ 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության գործում: Նրա խոսքով՝ թերացումներն ահագնացել են 2018 թվականի ընթացքում և շարունակվել մինչև 2019 թվականի սեպտեմբերը:
Հայկ Մարությանը նշեց, որ վերը նշվածը ստիպեց ուսումնասիրել, պարզելու, թե արդյոք «Սանիթեք» ընկերությունը պատշաճ կերպով է կատարում իր կողմից կնքած պայմանագրերի բոլոր կետերը, և ընդհանրապես ստուգել այդ պայմանագրերի կնքման օրինականությունը:
Այս հանգամանքները պարզելու համար 2019 թվականի հունիսից Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են «Սանիթեք» ընկերության տեխնիկայի, ինչպես նաև գործունեության համար անհրաժեշտ այլ պայմանների ուսումնասիրությունը: Այն ավարտվել է օրեր առաջ և այսօր առկա է ամբողջական պատկերը: