Արշավ, որի առիթն ամենևին էլ Արփինե Հովհաննիսյանը չէ․․․Ամեն մի պատմություն ունի երկու իրականություն, երեկվա աղմուկի երկրորդ հատվածը

Համացանցը երեկ ու այսօր լցված է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի նկատմամբ քննադատությամբ, որի համար միայն առիթ է հանդիսացել Արփինե Հովհաննիսյանի նկատմամբ խիստ անձնական ու, թերևս, էմոցիոնալ արտահայտությունը։ Այս արտահայտությունը, սակայն, ինչպես նշեցինք, միայն առիթ է, այլ ոչ թե պատճառ։

Պարզից էլ պարզ է, որ սա օգտագործվում է միայն նրա համար, որպեսզի Անդրանիկ Քոչարյանի դեմ սկսվի վարկաբեկման փորձի արշավ, որը, բնականաբար, ձեռնտու է բոլոր այն մարդկանց, որոնք տարիներ շարունակ եղել են նույն Քոչարյանի գործունեության հիմնական թիրախը։

Այո՜, Անդրանիկ Քոչարյանի խոսքի մեջ կա չափազանց էմոցիոնալ պատասխան, այո՜, կարծում ենք, որ նա առիթ կունենա անդրադառնալ իր ասածին, սակայն պետք է նաև փորձել տեսնել մեդալի հակառակ կողմը։ Վերջինիս քաղաքական հակառակորդները, բնականաբար, անհանգստացած լինելով ապրիլյան պատերազմի փաստերն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեությունից, հասկանալով վերջինիս կշիռն օրվա քաղաքական իշխանության մեջ, հիմա իրենց պատկերացրածով «նվեր» են ստացել։

Չէ՞ որ Անդրանիկ Քոչարյանն է ղեկավարել «Մարտի 1»-ի հանձնաժողովը, որի արդյունքում ի հայտ է եկել հայտնի 0038 հրամանը, չէ՞ որ նույն Քոչարյանն է, որ տարիներ շարունակ խոսել է երկրում տեղի ունեցող արատավոր երևույթների մասին, չէ՞ որ նույն Քոչարյանն է, որ իր մեջ վառ է պահել Վազգեն Սարգսյան նախարարի ու վարչապետի գործունեությունը, որը միշտ էլ խանգարել է այն մարդկանց, ովքեր ամեն ինչ արել են անգամ սպանված Վազգենի դեմ կռիվ տալու համար։

Ու այստեղ ամենաանարդարն այն է, որ տեղեկատվական տարբեր «կուտերով» Քոչարյանին են վերագրել երևույթներ, որոնց հետ նա մոտիկից ու հեռվից երբեք կապ չի ունեցել։ Անդրանիկ Քոչարյանը խի՞ստ մարդ է, այո՜, երբեմն նաև էմոցիոնա՞լ, այո՜, բայց երբեք ու երբեք նրան չեն կարող մեղադրել իր նախկին պաշտոնավարման տարիներին «թալանի» ու այլ նմանատիպ բաների մեջ։

Վերջինս, տարիներ շարունակ լինելով ընդդիմադիր, մշտապես ծանր քննադատել է նախկին իշխանություններին՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Պատկերացնու՞մ եք, եթե այդ օրերի իշխանությունը մի փոքր շանս ունենար վերջինիս նկատմամբ քրեական գործ հարուցելու, արդյո՞ք չէր օգտվի այդ առիթից։

Անդրանիկ Քոչարյանի միակ հարստությունն իր անցած կյանքն ու կենսագրությունն է, իսկ ինչ վերաբերվում է նրա ունեցվածքին, ապա ճանաչողները, նրա հետ մտերիմները գիտեն, որ այս գործչի միակ նյութական ունեցվածքը ՊՆ-ի կողմից ժամանակին ստացած բնակարանն ու մի ավտոտնակն է, ինչպես նաև «Նիվա» մակնիշի ավտոմեքենա։

Սա՜ է այն Քոչարյան Անդրանիկի ունեցվածքը, ում նախկին մերժվածները մեղադրում են «թալանի» ու չգիտես ինչ մեղքերի մեջ։ Եվ այո՜, դժվար է, երբ հասուն տարիքի մարդը, ով նաև ուժային կառույցներում աշխատելու հսկայական  փորձ ունի, գիտակցում է, որ իրեն փորձում են վարկաբեկել, հավասար նժարի վրա դնել այն մարդկանց հետ, ովքեր միլիոնավոր դոլարների թալանի մեջ են կասկածվում։

Ամեն մի պատմություն ունի երկու իրականություն, սա էլ երեկվա աղմուկի երկրորդ հատվածն է։

24news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ