Այսօր հոկտեմբերի 2-ն է, ԲՀԿ-ն՝ կրկին ՀՀԿ-ի կողքին՝ ճակատագրի հեգնանք, թե մտածված քայլ նախորդ տարվա նույն այս օրը․․․

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության ԱԺ դիմումի քվեարկությանը, հայտարարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանը դա բացատրել է նրանով, որ դիմումը իրենց բավականաչափ հիմնավոր չի թվում: Միաժամանակ նա հայտարարել է, որ իրենք դեռ նախորդ իշխանության շրջանում դեմ են քվեարկել Թովմասյանին ՍԴ դատավոր նշանակելու ՀՀԿ նախաձեռնությանը:

Խիստ խորհրդանշական է, որ Գագիկ Ծառուկյանն այդ մասին հայտարարում է հոկտեմբերի 2-ին: Հարցը միայն այն չէ, որ խորհրդարանում այդ օրն է թերևս քվեարկվելու ԱԺ դիմումը, որ ներկայացվելու է ՍԴ դատավորներին: Հոկտեմբերի 2-ը հետհեղափոխական իրադարձությունների շղթայում առանցքային օղակ է:

Մեկ տարի առաջ փաստացի այդ օրը Հայաստանում միացվեց խորհրդարանի արտահերթ ընտրության հաշվիչը, երբ դեռևս նախորդ իշխանության շրջանում ձևավորված խորհրդարանական մեծամասնությունը՝ ՀՀԿ, ԲՀԿ և ՀՅԴ, նախաձեռնեց մի օրինագիծ, որով փաստացի արգելակվելու էր վարչապետի հրաժարականի միջոցով ԱԺ արտահերթ ընտրության գնալու մեխանիզմը: Դրան հաջորդեց Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքն ու կոչը հանրությանը, որից հետո հաշված րոպեների ընթացքում մի քանի տասնյակ հազար քաղաքացի շրջափակել էր խորհրդարանի շենքը:

Նիկոլ Փաշինյանը այդ ընթացքոմ հայտարարեց ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հետ հետհեղափոխական պայմանավորվածությունը խզելու և նրանց նախարարական, մարզպետական ու փոխնախարարական պորտֆելները վերցնելու մասին: Միաժամանակ սկսվեց քաղաքական խորհրդակցություն՝ արտահերթ ընտրության թեմայով, և ի վերջո կայացվեց դեկտեմբերին այն անցկացնելու որոշում: Ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ հոկտեմբերի 2-ին, ինչո՞ւ, ի՞նչ հաշվարկով երեք ուժերը փաստացի նախաձեռնեցին օրենք վարչապետի դեմ, որը ունեցավ բումերանգի կոշտ էֆեկտ, անկասկած ենթակա է բավական բազմաշերտ դիտարկումների:

Հետո իհարկե թե ՀՅԴ-ն, թե հատկապես ԲՀԿ-ն հայտարարում էին, որ երբեք դեմ չեն գնա ժողովրդին, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ ունեցավ հայտնի հանդիպումը վարչապետի հետ և համաձայնությունը՝ դեկտեմբերին արտահերթ ընտրություն անցկացնելու առումով: Ահա այդ իրողությունների ֆոնին, մեկ տարի անց իրավիճակը ստանում է բավականին խորհրդանշական և հատկանշական երանգներ, նկատի ունենալով, որ այժմ փաստացի դրված է ՍԴ ղեկավարության փոփոխության հարց: Ինչ շերտեր կան այդ հարցի տողատակում, դարձյալ բավականին բարդ է գնահատել միարժեք, հատկապես նկատի ունենալով, որ հետհեղափոխական իրողությունները շարունակում են զարգանալ բավականին անկանխատեսելի, իսկ ավելի ճիշտ՝ «կառավարվող քաոսի» տրամաբանությամբ արվող կատալիզացիայի ռեժիմով:

Այդ համատեքստում դարձյալ խոսվում էր վարչապետ Փաշինյանի և Ծառուկյանի հանդիպման մասին: Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարել է, որ եղել է հանդիպում, սակայն թեմաները չեն եղել քաղաքական: Չի բացառվում, որ պարզապես չի եղել քաղաքական համաձայնություն, ինչի պատճառով էլ ԲՀԿ-ն որոշել է ոչ թե ազատ քվեարկել, տալով իր պատգամավորներին ցանկության դեպքում կողմ քվեարկելու հնարավորություն, այլ չմասնակցել քվեարկությանը:

Փաստացի, այդ քայլով ԲՀԿ-ն կամա, թե ակամա քաղաքականապես դիրքավորվում է նախկին իշխող համակարգի, մասնավորապես ՀՀԿ-ի կողքին, որի հետ ասոցացվում է ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը: Այսինքն, նրան նշանակելու հարցում դեռևս նախորդ իշխանության շրջանում դեմ քվեարկած ԲՀԿ-ն, նոր իշխանության շրջանում նրան հեռացնելու նախաձեռնությանն էլ դեմ է քվեարկում:

Բայց սա ամենևին այսպես ասած «հաստատուն ընդդիմության» ցուցիչ չէ՝ թե նորին, թե հնին, այլ թերևս ԲՀԿ քաղաքական «մոլորության» վկայություն, այն իմաստով, որ թավշյա հեղափոխությունից հետո կուսակցությունն այդպես էլ չի գտնում իր դիրքը, այդ իսկ պատճառով մեկ նոր իշխանության կողքին է, մեկ հայտնվում է ՀՀԿ-ի կողքին: Հոկտեմբերի 2-ը ԲՀԿ-ի համար ըստ երևույթին ՀՀԿ օր է: Եթե լուրջ, իհարկե ներքին քաղաքական գործընթացների տրամաբանությունը ներկայումս բավականին բազմաշերտ է, և այդ իմաստով հարկ է ուշադրություն դարձնել հանգամանքին, որ ԲՀԿ-ն դիրքավորման մասին հայտարարում է նաև Հայաստանում ԵՏՄ վեհաժողովից, մասնավորապես ՌԴ նախագահ Պուտինի այցից անմիջապես հետո:

Հաշվի առնելով այն, որ կուսակցությունը փորձում է ներքաղաքական դաշտում դիրքավորվել որպես եվրասիական ուղղության այսպես ասած քաղաքական ֆլագման, այդ հանգամանքը թերևս պատահական չէ: Թե ՌԴ նախագահի, թե Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները համենայն դեպս վկայեցին, որ այստեղ կա փոխադարձ նվազագույն անհրաժեշտ ըմբռնում ու երկխոսություն, անգամ լիակատար համաձայնության բացակայության պայմաններում: Ըստ այդմ, չկա այսպես ասած «միջնորդ ֆլագմանի» անհրաժեշտություն: Չի բացառվում, որ ԲՀԿ դիրքորոշումը պայմանավորված է նաև այդ հանգամանքով:
Նյութի աղբյուր՝ 1in.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ