Պողոս Պողոսյանի եղբորորդին պնդում է՝ սպանությունն առանց Քոչարյանի իմացության չէր կատարվի

«Պրիվետ Ռոբ» արտահայտության համար 18 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործը նոր ընթացք է ստանում։ Երեկ Գլխավոր դատախազությունը հայտնեց, որ «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած սպանության գործով դեպքի ականատես Սթիվեն Նյուտոնի պատմածների հիման վրա վարույթ է հարուցվել և գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Պողոս Պողոսյանի սպանության համար, հիշեցնենք, ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Կուկու մականունով թիկնապահ Աղամալ Հարությունյանը դատապարտվել էր պայմանական ազատազրկման՝ հանցավոր անփութություն դրսևորելով անզգույշ սպանություն կատարելու համար։

Մինչդեռ Նյուտոնն իր հայտարարություններում խոսում է առանձնակի դաժանությամբ, Հարությունյանի և գործով չպարզված այլ անձանց կողմից՝ դիտավորությամբ և խուլիգանական դրդումներով կատարված սպանության մասին․ «Հարված կար ճակատին՝ կամ մահակի հարված էր, կամ ստրճանակի»։

Մահացած Պողոս Պողոսյանի եղբորորդին Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ գործի վերանայման լուրին երկար են սպասել․ «Իսկապես շատ ուրախալի էր դա լսելը, որովհետև մենք երկար ենք սպասել արդարության վերականգնմանը։ Մենք հույս ունենք, որ Դատախազությունը կգնա արդար դատաքննության ճանապարհով»։

Պողոսյանի եղբորորդին պնդեց՝ 2001-ին իր հորեղբոր սպանությամբ փորձ էր արվում հիմք դնել երկրում բռնապետությանը․ ««Առագաստ» սրճարանի դեպքով կարող ենք ասել հիմք էր դրվում Ռոբերտ Քոչարյանի բռնապետական ռեժիմին։ Դրանով ցանկանում էին ասել՝ նրա թիկնապահները կարող են ցանկացած մարդու ցանկացած պահի սպանել, եթե ինչ-որ բան իրենց դուրը չգա»։

Նշենք, որ Դատախազության երեկվա հայտարարության մեջ խոսք էր գնում հանցանքի կատարմանը այլ անձանց մասնակցության մասին։ Պողոս Պողոսյանի եղբորորդուց Factor.am-ը հետաքրքրվեց՝ հնարավոր է արդյոք, որ Դատախազության նշած այլ անձանց թվում լինի նաև Ռոբերտ Քոչարյանը: «Ոչ ոք չի կարող հավատալ, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք նրա անվտանգության ծառայությունը կարող է թողնել իրենց տիրոջը և որևէ գործողություն իրականացնել, դա, իհարկե, բացառվում է, որովհետև նա ամեն ինչ բռի մռջ էր հավաքել։

Նրա անվտանգությունը առանց նրա հրամանի մարդ սպանելու կարիք էլ չուներ, բայց նրանք դա արեցին»,- ասաց Սամվել Պողոսյանը։ Փաստաբան Լուսինե Հակոբյանը ևս չի հավատում, որ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները կարող էին առանց նրա իմացության և հրահանգի մարդ սպանել։ Փաստաբանը այս գործով Քոչարյանին հարցաքննելու անհրաժեշտություն է տեսնում։

Դաժան սպանության ականատես Սթիվեն Նյուտոնը պատրաստ է իր հայտարարությունները նույնությամբ կրկնել դատարանում. Factor.am-ին վստահեցրեց վերջինիս ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը։ Նա միաժամանակ հույս հայտնեց, որ այս գործով մյուս տուժողն ու վկաները չեն վախենա դեպքից իրական մանրամասներ ներկայացնել և պատասխանատուները կկանգնեն արդարադատության առաջ։ Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի որդին վերջերս անդրադառնալով այդ դեպքին, ասել էր, որ իրենք սպանության հետ կապ չունեն. «Մենք այդ դեպքի հետ կապ չունենք, կարծում եմ` դժբախտ պատահար է եղել»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ