Փաշինյանի խոսքն ուժեղ ուղերձ է, որը շարունակվեց արդեն Հայաստանում անցկացվող աննախադեպ զորավարժությամբ

Արցախի հարցի կարգավորումը Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հայաստանի որոշ քաղաքական շրջանակներում արժանացել է ընդդիմախոսության, մեկնաբանությամբ, թե դա վկայում է Հայաստանի թուլության մասին, կամ այդպիսի տպավորություն է թողնում Ադրբեջանում:

Միաժամանակ, տպավորություն է, որ Ադրբեջանում ավելի լավ են հասկանում տեղի ունեցողը, քան Հայաստանի որոշ քաղաքական շրջանակներում, եթե իհարկե չկա «քաղաքական նկատառումներով չհասկանալու» դիտավորություն: Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարում է, որ Հայաստանի նպատակը պատերազմի արդյունքի պաշտպանությունն է: Բանն այն է, որ այդ նպատակի մասին Հայաստանը հայտարարել է շատ պարզ՝ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հրապարակում ունեցած պատմական ելույթում:

Վարչապետը հայտարարեց, որ բանակցության նպատակը պետք է լինի արցախյան շարժման եւ պատերազմի հաղթանակի արդյունքի պաշտպանությունը: Նաեւ մատուցվեց դրա բանաձեւը՝ համահայկական ռեսուրսի ներգրավում եւ կոնսենսուս՝ այդ նպատակի շուրջ, որը պետք է ենթադրի Հայաստան-Արցախի արդիականացում, զարգացում: Հայաստանի այդ նպատակն իսկապես պետք է ընդունելի լինի առաջին հերթին իհարկե հայ ժողովրդի համար, բայց նաեւ խիստ ցանկալի է, որ ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար:

Ադրբեջանի ժողովուրդը պետք է սովորի ապրել ներկայիս ստատուս-քվոյի ռեժիմում, դուրս գալով հայատյացության եւ ռազմատենչության ռեժիմից, ուր նրան ամեն գնով փորձում է խցկել կամ պահել պաշտոնական Բաքուն, ընդ որում արդեն գրեթե երկու տասնամյակ: Ադ ռեժիմը հատկապես ինտենսիվացրել է կրտսեր Ալիեւը, գալով իշխանության: Ամբողջ հարցն այն է, որ դրան ի պատասխան, Հայաստանը չի վարել համարժեք քաղաքականություն:

Օրինակ, երբ Ադրբեջանը հերոսացրել է հայ սպային կացնահարած Սաֆարովին, Հայաստանի այն ժամանակ քաղաքական իշխանությունը չի դրել իր պահանջներն ու պայմանները այսպես կոչված կարգավորման գործընթացի համար, այլ հակառակը՝ շարունակել է բանակցել մարդասպանությունը պաշտոնապես հովանավորող Ադրբեջանի ղեկավարության հետ:

Ապրիլյան քառօրյայում հայկական բանակի դիմադրությունն ու հակահարվածը, ինչպես նաեւ երկու տարի անց թավշյա հեղափոխությամբ լեգիտիմ իշխանության ձեւավորումը Հայաստանին տալիս են քաղաքականությունը համարժեքացնելու հնարավորություն, որին գնում է Երեւանը քայլ առ քայլ: Ու այստեղ դիրքերի ամրության մասին է խոսում այն, որ Հայաստանի վարչապետը խոսում է Ադրբեջանի ժողովրդի համար կարգավորման ընդունելի լինելու վերաբերյալ:

Որովհետեւ դրա տողատակում նաեւ Ադրբեջանում իշխանության լեգիտիմության բացակայության ակնարկն է կամ «լեգիտիմությունը» հայատյացության ու ատելության վրա կառուցելու խնդրին միտված ակնարկը: Այդ ակնարկը, եւ ընդհանրապես Ադրբեջանի ժողովրդի հետ այդ թեմայով խոսելու պատրաստակամությունը կարող է գալ միայն ուժեղ դիրքից:

Ըստ այդմ, Փաշինյանի խոսքն ուժեղ ուղերձ է, որը շարունակվեց արդեն Հայաստանում անցկացվող աննախադեպ զորավարժությամբ: Դրա արդյունքում վարչապետն արձանագրեց, որ 24 ժամում Հայաստանում պահեստազորից կազմավորվել է գործող բանակին համարժեք եւս մի բանակ: Ադրբեջանի ժողովրդի համար պետք է ընդունելի դառնա կյանքը ստատուս-քվոյի պայմաններում, անվերջ ատելության եւ այսպես ասած ռազմատենչության պայմաններում կանքի փոխարեն, որը այդ ժողովրդի համար աննպատակ կյանք է, որովհետեւ հայ ժողովուրդը երբեք չի ընդունի ստատուս-քվոյի փոփոխություն:

Իհարկե հասկանալի է, որ «համոզելով» չէ, որ Ադրբեջանի ժողովուրդը պետք է մտածի ստատուս-քվոն ընդունելու մասին: Այստեղ իհարկե հռետորաբանությանը զուգահեռ համոզիչ պետք է լինի Հայաստանի զարգացման դինամիկան եւ համախառն ներքին արդյունքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ