Նրանք իշխանության հասնելու համար պատրաստ են նորից վտանգել և ոտնատակ տալ պետությունը․

2008 թվականի մարտի 1-ից անմիջապես առաջ Ռոբերտ Քոչարյանը սպառնում էր ոչ միայն «մաքրել» Ազատության հրապարակը, այլեւ՝ որ դրանից հետո շատ մարդիկ «երկար տարիներ բանտերում են անցկացնելու»:

Մարդը՝ ինքն իրենով, առանց դատ ու դատաստանի որոշել էր, որ պիտի նստողներ լինեն, նստողների քանակ էր որոշել, նույնիսկ չափ՝ երկար տարիներ: Նրա խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը մարտի մեկից օրեր անց  հեգնական տոնով հայտարարում էր, թե «ոչ մի եվրոպական երկրում քաղաքականության մեջ  ներգրավված լինելու հանգամանքը չի ազատում քաղաքացուն պատասխանատվությունից` օրենքը խախտելու համար»:

2008 թվականի նախագահական ընտրությունների հետ կապված ժամանակահատվածում մի քանի տասնյակ անձինք ձերբակալվեցին ու դատապարտվեցին, նրանց մեծ մասին դատապարտեցին  ոչ միայն շինծու մեղադրանքներով կամ մեկ ոստիկանի ցուցմունքով, այլեւ՝ հաճախ բացահայտ սադրանքների արդյունքում: Ինչպես, օրինակ՝ Սափեյան եղբայրների կամ Գագիկ Ջհանգիրյանի պարագայում:

Ու խնդիրը շատ պարզ էր՝ ամեն գնով փակի տակ պահել մարդկանց, որոնք իրենց գաղափարի համար դուրս էին եկել պայքարի, ընդ որում՝ խաղաղ միջոցներով պայքարի: Բայց քանի որ նրանց գործելու առիթ էր պետք, քանի որ իրենց անելիքների համար «հիմք» էր պետք,  նրանք դիմում էին պարզ սադրանքների: Սադրանքը նրանց քաղաքականության մեջ արտահայտվելու միակ զենքն էր եւ, փաստորեն՝ է: Այսօր էլ նրանց քաղաքականության մեջ պայքարի միակ զենքը սադրանքն է: Նրանց պետք է անկառավարելիության ու քաոսի մթնոլորտ սերմանել, նրանց պետք է նստած մարդ ունենալ, և նրանք դիմում են սադրանքի:

Որովհետեւ իրենք այդպես են հասկանում եւ զգում քաղաքականությունը, որովհետեւ նրանք իսկապես չեն պատկերացնում, որ կարելի է պայքարել հանուն գաղափարի, եւ պայքարել ձրի կամ առանց նյութական եւ այլ ակնկալիքների:

Նրանք չեն պատկերացնում, որ կարելի է զրկանքներ կրել հանուն գաղափարի, նրանք դա չեն ուզում անգամ պատկերացնել, որովհետեւ դա իրենց դաշտը չէ, այնտեղ իրենք սնանկ ու անունակ են: Դրա համար էլ նույնի իմիտացիա են փորձում ստեղծել՝ սադրանքներով, կապկում են ձեւը՝ առանց բովանդակության, այդպիսով խեղելով անգամ ձեւը:

Նրանք անում են միայն այն, ինչ կարող են, ինչին ընդունակ են. սպառնում են, սադրում են, փորձում են ստեղծել անկայունություն, որովհետեւ միայն այդ ժամանակ են իրենց զգում ինչպես ձուկը ջրում, որովհետեւ միայն դրանից կարող են օգտվել, որովհետեւ խաղաղությունը նրանց համար օտար է։ Նրանց քաոս է պետք:

Որովհետեւ հակառակ պարագայում պիտի իրական գաղափարական քաղաքական պայքարի մեթոդներով առաջնորդվեին: Բայց դրա համար մարդկանց հետ խոսել է պետք: Իսկ մարդկանց հետ խոսելու համար ասելիք է պետք ունենալ: Իսկ ասելիք ունենալու համար՝ միտք:

Իսկ նրանք դա չունեն, որովհետեւ իրենց ջուրը քաոսն է, որովհետեւ մեր պետականությունն իրենցը չէ, իրենք քամահրանքով են վերաբերվում մեր պետականությանը, նրանց համար կարեւորը իշխանությունն է, իսկ իշխանության հասնելու համար պատրաստ են նորից ու նորից վտանգել, ոտնատակ տալ պետությունը:

Նյութի աղբյուր՝ ILur.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ