«Մի բան կարդացի վերջերս. Հայկ Հարությունյանի ամենամեծ ճնշողը իր խիղճն էր: Ոչ ոք Հայկ Հարությունյանին չէր կարող ճնշել: Իր խիղճը կարող էր իրեն ճնշել: Հիմա էդ խիղճը ի՞նչ է թելադրել իրեն այս տարիներին, ես չգիտեմ, բայց որ ոստիկանությանը մղել են անօրինական գործողությունների`բոլորդ տեսել եք, փաստերով:
Նաեւ փաստահավաք խմբից, նույնիսկ Նիկոյանի այդ քաղաքական հանձնաժողովի աշխատանքների արդյունքում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա նկատեց, որ անգամ այդ հանձնաժողովում անկեղծացել է, որը ցանկալի չի եղել եւ Հայկ Հարությունյանի հայտարարությունների արդյունքում է պարզ դարձել, որ մեկ դիպուկահար չի եղել, այլ ավելի շատ: Նա անթույլատրելի միջամտություն է համարում, երբ դեռ Հայկ Հարությունյանի գործի նախաքննությունը չավարտված` տարբեր լրատվամիջոցներ ինչ-ինչ տեղեկություններ են տպագրում:
«Երկու անգամ ես հնարավորություն ունեցել եմ Հայկ Հարությունյանին լսելու փաստահավաք խմբի ժամանակ, ինքը եկել է, հասել է դռան մոտ և իր ներքին կաշկանդվածությունը իրեն թույլ չի տվել, որ դուռը բացի, ներս մտնի:
Հայկ Հարությունյանը մինչև ոստիկանապետ դառնալը եղել է կալանավայրերի համակարգի մարդ: Ինքը շատ դժվար է հոգեբանորեն այդ կառույցում ձևավորված սպայի համար պատկերացրել, որ մի օր կարող է հայտնվել կալանավայրում, եթե դատաքննության ընթացքում պարզվի իր մեղավորության աստիճանը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը`չբացառելով, որ Հայկ Հարությունյանի հետ կատարվածում սա կարող է գործոն լինել:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ մարտի 1-ին բանակն է օգտագործվել եւ հիմա այդ ժամանակ ուժային կառույցների ղեկավարների կողմից արդարացումներ են հնչում, թե հրաման են կատարել, Անդրանիկ Քոչարյանն ասում է`թող ոչ ոքի չմեղադրեն, իրենք ընտրություն են կատարել, քանի որ կարող էին Ռոբերտ Քոչարյանին բացատրել, որ բանակը ներքին թշնամի չունի, բանակն ունի միայն արտաքին թշնամի:
Նյութի աղբյուր՝ Առավոտ