Մարտի 1-ի գործով նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի վերաբերյալ հատուկ Քննչական ծառայության հաղորդագրությունից, ըստ էության, պարզ դարձավ, որ նախկին իրավապահ համակարգն ամբողջությամբ լծված է եղել մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ փաստաթղթեր, ապացույցներ կեղծելով։ Հետին թվով փաստաթղթեր, հրամաններ են պատրաստվել և ներկայացվել տարբեր մարմինների, այլդ թվում՝ Եվրոպական դատարան։ Այս օրերին կարծիքներ են հնչում, որ կեղծիքներ են կատարվել նաև դատաբժշկական տարբեր փորձաքննությունների ժամանակ, և քննության առարկա պետք է դառնան նաև փորձաքննությունները։
Հայաստանի նախկին գլխավոր դատաբժիշկ, դատաբժշկական փորձաքննության կենտրոնի նախկին ղեկավար Շոթա Վարդանյանը, որը 2008թ. մարտի 1-2-ի ողբերգական դեպքերի ժամանակ մայրաքաղաքի կենտրոնում արյան լճակի մեջ հայտնաբերված մարդու ծնոտն անվանել էր «խոճկորի ծնոտ» և պնդել, որ այդ օրը տասնյակ ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել, ինչը հետո հերքվել էր, այսօր ոչ մի մտավախություն չունի, որ Մարտի 1-ի գործի քննության այս նոր փուլում ի հայտ կգան դատաբժշկական փորձաքննությունների հետ կապված կեղծիքներ, անճշտություններ, որոնք ժամանակին թույլ են տրվել իր կողմից, իր գիտությամբ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքեց նաև, թե ինքը որևէ անգամ կանչվել է հարցաքննության կամ մասնակցել է որևէ այլ քննչական գործողության. «Իսկ ինչու ինձ, կամ մեզ պետք է կանչեին հատուկ քննչական ծառայություն։ Մենք ինչ ենք արել։ Մեռելը բերել են, հերձել ենք, դիակը նայել, եզրակացությունը տվել ենք։ Մենք ոչ մի կապ չունենք ոչ գնդակի հետ, ոչ էլ մյուսի հետ։ Մենք ոչ մի բանի հետ կապ չունենք»,-ասաց Վարդանյանը։
Մեր դիտարկմանը՝ եթե իրադարձությունների վերաբերյալ ապացույցները կեղծվել են, փաստաթղթերը կեղծվել են, փամփուշտները փոխվել են, ապա ինչ երաշխիք, որ որոշ փորձաքննությունների եզրակացություններ ևս չեն կեղծվել, Շոթա Վարդանյանը բորբոքվեց. «Լսեք, եթե մարդուն բերել են և նրա ոտքին վերք է եղել, մենք ինչ պետք է անեինք՝ գրել ենք, որ ոտքին վերք կա, իրենք տարել են, ու թե դրանից հետո ինչ է եղել, դա արդեն մեր գործը չի։ Մենք չենք կարող դիակին գրել կենդանի, կամ կենդանուն գրեինք դիակ»։
Իսկ երբ իր բերած օրինակից հետո հիշեցրինք խոճկորի ծնոտի դեպքը, երբ հենց ինքն էր արյան լճակի մեջ հայտնաբերված մարդու ծնոտն անվանել «խոճկորի ծնոտ», Շոթա Վարդանյանն անջատեց հեռախոսը։
Նշենք, սակայն, որ 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերից հետո ընդդիմության ներկայացուցիչները մշտապես խոսել, բարձրաձայնել են այն ժամանակ Շոթա Վարդանյանի ղեկավարած կառույցի գործունեության՝ Մարտի 1-ի զոհերի վերաբերյալ տրված փորձագիտական եզրակացություններում անճշտությունների, անհամապատասխանությունների մասին։ Իսկ խոճկորի ծնոտի վերաբերյալ եզրակացությունը առ այսօր հիշում են բոլորը, իսկ Շոթա Վարդանյանը հիշվում է հենց այդ փորձաքննության պատասխանով։
Դեռևս 2010-ին Շոթա Վարդանյանը, ԱԺ Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի՝ օգոստոսի 29-ի նիստում պատասխանեց հանձնաժողովականների հարցերին՝ հայտարարելով, որ մարտի 1-ին իրենց կենտրոնում եղել են 30-ից 40 դիակներ, և ինքը թույլ չի տվել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամներին մտնել իրենց կենտրոն և սեփական աչքերով տեսնել, թե այնտեղ քանի դիակ կա, որովհետև ցանկացել է կանխել տարբեր տեսակի խոսակցությունները։ Այս աղմկոտ հայտարարությունը օրեր անց Վարդանյանի կողմից խմբագրվել էր։
Նա հայտարարել էր, թե 30-40 դիակի մասին իր ասածը սխալ է հասկացվել, քանի որ, ըստ իրեն, ոչ թե այդքան դիակ է եղել, այլ ինքը մտավախություն է ունեցել, որ եղած 3-4 դիակը կարող է 30-40-ի տեղ ներկայացվել։