«Վանեցյանը քաղաքական դեմք չի եղել, քաղաքական դեմք չի դառնա, եղել է ԱԱԾ պետ, լավ թե վատ՝ գնահատողը վարչապետն է»․ Արամ Սարգսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

– Հիմա կարելի՞ է հետևություն անել՝ ո՞վ հատեց ռուբիկոնը այս փոխհրաձգության մեջ:

– Վարչապետը չի կարող ռուբիկոնը հատել, որովհետև ինքն է նշանակում և ազատում, նա որոշողն է, հավանաբար Վանեցյանն է հատել ռուբիկոնը, և վարչապետը որոշում է կայացրել, որ պետք է ազատի: Այսինքն՝ կա որոշակի ռուբիկոն, որը հատել է ԱԱԾ պետը, ինչը վարչապետի դրած պահանջներին չի համապատասխանել, նա էլ ազատել է:

– Վանեցյանի կոշտ քաղաքական ձևակերպումների պատճառն ի՞նչը կարող էր լինել:

– Երբ որ զրոյական վարկանիշով, ընդհանրապես Հայաստանում չճանաչված, շատ փոքր շրջանակներին ծանոթ մարդուն բերում-դարձնում ես աստված կամ կիսաաստված, որը քաղաքական որևէ գործընթացի մասնակից չլինելով՝ ունենում է բարձր վարկանիշ՝ վարչապետից հետո երկրորդը, և չեմ բացառում, որ խրախուսվում էր և հույսեր էր ներշնչվում նաև դրսից, ու հնարավոր է, որ մարդն արդեն աստղային հիվանդություն է ունենում:

Առավել ևս ես չեմ ընդունում, որ մարդն իրեն գովում է՝ ասելով, թե կտեսնեք՝ ինչ պրոֆեսիոնալ եմ եղել, դա ինձ համար ծիծաղելի է: Վանեցյանը քաղաքական դեմք չի եղել, քաղաքական դեմք չի դառնա, եղել է ԱԱԾ պետ, լավ թե վատ՝ գնահատողը վարչապետն է, ու մեզանից յուրաքանչյուրն իր սեփական գնահատականն ունի, բայց նա արդեն անցյալ է, և չեմ կարծում, որ արժի քաղաքական օրակարգի թեմա դարձնել:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ