Փաշինյանի անսպասելի որոշումը՝ Ամուլսարի հարցում. ով կվճարի գինը

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Ամուլսարի հարցում ի հայտ են եկել նոր տվյալներ, եւ գործի նախաքննությունը կշարունակվի: Ըստ նրա, դա պայմանավորված է Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունից ստացված տեղեկություններով: ՔԿ նախագահի տեղակալը հայտնում է, որ նոր իրողությունները պետք է դիտարկել գործի ամբողջության մեջ եւ, եթե լինի անհրաժեշտություն, ապա կարվի նոր փորձաքննություն:

Ամուլսարի հարցը «ուղեկցում» էր վարչապետ Փաշինյանին ԱՄՆ կատարած այցի ընթացքում, որտեղ նա մի քանի անգամ կրկնեց, որ այդ հարցում լինելու է ազնիվ եւ գնալու է ճշմարտության հետեւից՝ եթե անվտանգ է, հանքը կշահագործվի, եթե ոչ՝ կփակվի: Միեւնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ «սիլիկոնային հովիտները» չեն լինում հանքերի փոխարեն, այլ լինում են նաեւ հանքարդյունաբերությամբ ձեւավորված տնտեսական կարողությունների պայմաններում: Նա բերում էր ԱՄՆ օրինակը:

ԱՄՆ-ն Հայաստանի ներդրումային գրավչության մասին խոսելիս վերջին տարիներին բերում է Լիդիանի եւ Ամուլսարի օրինակը: Ամերիկացի դիվանագետները Հայաստանի կառավարության հետ շփումներում, թե հեղափոխությունից առաջ, թե հետո, չեն թաքցնում եւ բաց տեքստով խոսում են, որ այդ գործից է նաեւ կախված Հայաստան խոշոր ներդրումների ներգրավումը:

Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցն ինչ որ բա՞ն է փոխել Ամուլսարի հարցում, որ ՔԿ նախագահի տեղակալն էլ խոսում է նոր իրողությունների եւ նախաքննության շարունակության մասին, թե՞ ոչինչ էլ չի փոխվել, եւ Հայաստանի կառավարությունը շարունակում է գտնվել բարդ խնդրի առաջ: Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ այս պահին չկա հանքի շահագործում թույլ չտալու իրավական հիմք: Այդ դեպքում ստացվում է, որ Լիդիանի նկատմամբ կատարվում է անիրավություն, իսկ կառավարությունը չի կանխում այն:

Մյուս կողմից, անկասկած է, որ անկախ առերեւույթ բնորոշումներից, բուն խնդիրն այն է, որ Լիդիանի ճանապարհը բացելու համար թերեւս կպահանջվի ուժի կիրառում, որովհետեւ Հայաստանի ներքաղաքական դաշտի գործնականում բոլոր ուժերը օգնելու են ճանապարհը փակողներին, ամեն մեկն իհարկե իր շարժառիթով:

Փաշինյանը չունի այդ հարցի լուծումը եւ ստիպված է խաղալ ժամանակի վրա: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ ժամանակը գին ունի: Ո՞վ է վճարելու այդ գինը, փաստացի մի շարք սուբյեկտների քաղաքական խնդիրների համար: Որովհետեւ մեծ է հավանականությունը, որ այն ի վերջո վճարելու է Հայաստանը որպես պետություն, ընդ որում դեռ պարզ չէ, թե ինչ ձեւով, քանի որ խնդիրը լոկ արբիտրաժը չէ:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ