«Արա՛, ա՛յ տղա..». Երևանում «Ջիպի» վարորդն ու ուղևորը վիճել են իրենց դիտողություն արած հետիոտնի հետ, ջարդել գլուխը

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Նարեկ Թ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

27-ամյա Նարեկ Թ.-ին մեղադրանք էր առաջադրվել որպես զենք գործածված առարկայի գործադրմամբ կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հունվարի 30-ին, ժամը 13-ն անց 30-ի սահմաններում իր կողմից օգտագործվող մեքենայով Նարեկ Թ.-ն երթևեկել է Երևանի Տիգրան Մեծի պողոտայով: Տիգրան Մեծ-Ագաթանգեղոս խաչմերուկում, անցնելով լուսացույցը, երթևեկությունը շարունակել է Ագաթանգեղոսի 7 շենքի դիմացի հատվածով, որտեղ առկա հետիոտնային անցման վրա ճանապարհը չի զիջել լուսացույցի կանաչ լույսով փողոցը հատող Արամ Ս.-ին: Վերջինս դիտողություն է արել: Նարեկ Թ.-ն ու իր հորեղբորորդի Հովհաննեսը խուլիգանական դրդումներով վիճաբանել են Արամ Ս.-ի հետ, Նարեկը բռնություն է գործադրել Արամի նկատմամբ՝ մարդկանց ներկայությամբ մեքենայի սրահից հանել է որպես զենք գործածված փայտե ձողը, դրանով հարվածել է գետնին ընկած Արամ Ս.-ի գլխի ձախ քունքածոծրակագագաթային շրջանին՝ պատճառելով սալջարդ վերք, ականջախեցու, բազկի, սրունքի շրջանների արյունազեղումներ:

Առաջադրված մեղադրանքում Նարեկ Թ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե հիշյալ անցումով անցել է, երբ լուսացույցի լույսը հետիոտնի համար եղել է կարմիր: Չնայած դրան՝ ինքը ճանապարհը զիջել է մի երիտասարդի, որը վատ արտահայտություններ է արել իրենց հասցեին ու մոտեցել է մեքենային: Իր հորեղբորորդի Հովհաննեսն իջել է մեքենայից ու փորձել է այդ տղային հանգստացնել, բայց նա անվայել պահվածք դրսևորելով՝ ասել է. «Արա՛, ա՛յ տղա» ու նմանատիպ արտահայտություններ է արել:

Հենց փողոցում Հովհաննեսն ու այդ տղան քաշքշել են իրար ու երկուսով ընկել են գետնին, Հովհաննեսը՝ տակը, այդ տղան՝ Հովհաննեսի վրա: Ինքը մեքենան դուրս է բերել երթևեկելի գոտուց, ցանկացել է իջնել ու հարթել միջադեպը, բայց այդ ժամանակ Հովհաննեսը եկել, նստել է մեքենա, իրենք շարունակել են ճանապարհը:

Ըստ Նարեկ Թ.-ի՝ ինքը ոչ մի առնչություն չունի մեղսագրված արարքի հետ, նույնիսկ մեքենայից չի իջել…

Տուժող Արամ Ս.-ն հայտնել է, թե ինքը անցումով անցել է հետիոտնի համար կանաչ լույսով: Բայց անցման մոտ կանգնած «Ջիպը», որի վարորդը հեռախոսով խոսում էր, մեկ առաջ է եկել, մեկ արգելակել է: Այդ պատճառով մեքենան դիմացի հատվածով դիպել է իր ոտքին: Ինքը դիտողություն է արել վարորդին: Մեքենայի հետևի նստատեղից իջել է մի երիտասարդ, մոտեցել է, իրենց միջև քաշքշուկ է առաջացել: Այդ տղան ընկել է, ինքն էլ ընկել է նրա վրա: Երբ փորձել է բարձանալ ընկած տեղից, բութ առարկայով հարված է ստացել գլխին, նորից ընկել է ասֆալտին, գլխից արյուն է հոսել: Իրեն ծեծելուց հետո անծանոթ տղաները նստել են «Ջիպն» ու հեռացել են: Պատահական անցորդներն իրեն օգնություն են ցուցաբերել, նրանցից մեկը իրեն փայտի կոտրված կտոր է տվել ու ասել է, թե դրանով են հարվածել իր գլխին: Քիչ անց մոտեցել է շտապօգնության մեքենան, իրեն տեղափոխել են հիվանդանոց:

Ըստ տուժողի՝ իր գլխին փայտով կարող էր հարվածել «Ջիպի» վարորդը, քանի որ մյուս երիտասարդը այդ պահին ընկած էր ասֆալտին:

Տուժողն իր ցուցմունքը պնդել է Նարեկ Թ.-ի ու նրա հորեղբորորդու հետ առերես հարցաքննության ժամանակ:

Վկա Մարինե Ա.-ն հայտնել է, թե դեպքի պահին ինքը լուսացույցի կանաչ լույսի տակ Տիգրան Մեծի պողոտայից անցումով անցնում էր դեպի Ագաթանգեղոսի փողոց: Նկատել է, որ մի տղա զրուցում է անցումի դիմաց կանգնած «Ջիպի» վարորդի հետ: Քիչ անց մեքենայի հետևի նստատեղից իջել է մեկ ուրիշ երիտասարդ, մոտեցել է վարորդի հետ խոսողին: Նրանց միջև քաշքշուկ է առաջացել: Մեքենայից իջածը մի քանի անգամ հարվածել է հետիոտնին, վերջինս ընկել է: «Ջիպի» ղեկին նստածը իջել է, ձեռքի փայտով հարվածել է ընկած երիտասարդի գլխին: Վերջինիս գլխից արյուն է հոսել: «Ջիպի» վարորդը և ուղևորը այդ տեսնելով՝ նստել են մեքենա ու հեռացել են: Այդ ընթացքում «Ջիպի» հետևից մի քանի մեքենաներ էին կանգնել, երթևեկությունը խանգարվել էր: Հավաքվածները ընկած երիտասարդին տեղափոխել են ճամփեզր: Ինքը զանգել է շտապօգնություն:

Վկան դատարանում ասել է, թե երիտասարդներից որևէ մեկի ձեռքին փայտի կտոր չի տեսել, քննիչի մոտ դրա մասին ասել է՝ ըստ դեպքի վայրում լսածի: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժողի վնասվածքները պատճառվել են բութ առարկայով, նրան պատճառվել են թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Դատարանն արձանագրել է, որ դեպքի վայրի զննության արդյունքում վարույթն իրականացնող մարմինը պարզել է, որ առկա են երեք տեսագրող սարքեր, բայց դրանց տեսագրությունները չեն առգրավվել, չեն հետազոտվել, դատարան չեն ներկայացվել՝ առանց որևէ պատճառաբանության:

Տուժողը ենթադրաբար է հայտնել, թե իրեն հնարավոր է, որ հարվածել է Նարեկ Թ.-ն: Վկաները դատարանում հայտնել են, թե երիտասարդների մոտ որևէ առարկա չեն տեսել: Ինքը՝ Նարեկ Թ.-ն, ու դեպքին մասնակից նրա հորեղբորորդին պնդել են, որ Նարեկը մեքենայից չի իջել:

Դատարանը եզրահանգել է, որ գործի քննությամբ չի հաստատվել, չի ապացուցվել, թե Նարեկ Թ.-ն խմբի կազմում որպես զենք գործածված առարկայի գործադրմամբ կատարել է խուլիգանություն, և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները: Հետևաբար Նարեկ Թ.-ի քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, նա ենթակա է արդարացման՝ հանցագործությանը նրա մասնակցությունը ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:

Տուժողը գույքային վնասի պահանջ չի ներկայացրել:

Դատարանը ճանաչել ու հռչակել է Նարեկ Թ.-ի անմեղությունը և արդարացրել է նրան՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրող դատախազը՝ խնդրելով բեկանել դատավճիռը, Նարեկ Թ.-ին մեղավոր ճանաչել խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով, դատապարտել 4 տարի ազատազրկման, կիրառել Համաներման ակտի համապատասխան դրույթը, և Նարեկ Թ.-ին ազատել պատժի կրումից:

Նյութի աղբյուր՝ 1in.am

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ