«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն է։
Պարոն Հայրապետյան, մարտի 1-ի գործի քննությունը սկսել է ակտիվանալ, մեղադրանք են ներկայացրել նախկին ոստիկանապետի, չի բացառվում՝ այլ անձանց եւս մեղադրանք առաջադրեն։ Ըստ Ձեզ, այս շղթան կարո՞ղ է տանել բացահայտման։
Իհարկե, հենց այդպիսի շղթան կարող է տանել բացահայտման, բայց միայն մինչև նախավերջին մակարդակ: Բացահայտումը կավարտվի այն օրերի ղեկավարների և նրանց պնակալեզ անաստվածների վրա, իսկ թե որտեղի՛ց պարոն Քոչարյանը ստացավ մայրաքաղաքի կենտրոնում արյան ճապաղիք սարքելու կանաչ լույսը, թե մարտի 1-ին ի՛նչ էր անում Երևանում ռուսաստանցի գեներալը, որի լուսանկարը շատերս ենք տեսել թերթերում և համացանցում, այդպես էլ առայժմ լռության մեջ կմնան: Մեզ այս հանգրվանում այդքանն էլ լիուլի կբավարարի, որի համար պարտական ենք 2018թ. ապրիլյան չքնաղ իրադարձություններին ու անձամբ Նիկոլ Փաշինյանին:
Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս ամենը կապ ունի ուժային կառույցների ղեկավարների հեռացման հետ։ Շատերը նշում են, որ պատահական չէ, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունից հետո է այս շղթան բացահայտվում։
Չի բացառվում: Բայց դա ամենևին էական չէ:
Եթե չհաշվենք խելագարության ու դավաճանության կանխավարկածները, ապա ոչ մի սպառնալիք կամ վտանգ չկա: Որևէ ողջախոհ սպա իրեն թույլ չի տա «խոսել»՝ պետական գաղտնիքներ հանրայնացնելով: Պարոն Վանեցյանի այդ ասածի մեջ առաջին հերթին եռում է նպարավաճառի՝ սակարկելու ցանկությունը, բնազդը:
Խորհրդարանը քննարկում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու հնարավորությունը։ Ձեր կարծիքով, ընդհանրապես ղեկավար պաշտոնին համակարգի՞ց որևէ մեկը պետք է նշանակվի, թե՞ պետք է կապ չունենա, ինչպես որ առաջարկվում են այս փոփոխություններով։
Երկու տարբերակն էլ միանգամայն արդարացված են: Այստեղ խնդիրը հաշվետվողականությունն է: Եթե ուժայինները հաշվետու են բացառապես վարչապետին, ապա պետք է լինեն պրոֆեսիոնալներ, որպեսզի երկիրը երբևէ չկանգնի դեպի բռնապետություն սահելու գայթակղության առջև: Իսկ եթե ուժայինները հաշվետու են Խորհրդարանին, ապա կարող են լինել նաև քաղաքացիական-քաղաքական անձինք: Լավ կլիներ, որ հավասարակշռված մի օրենքով սահմանվեր այս երկու դեպքն էլ՝ վերոնշյալ փիլիսոփայությամբ, և մենք այլևս ստիպված չլինեինք անդրադառնալ միանգամայն պարզ այս խնդրին: Այսօր թերևս առավել արդյունավետ կլիներ ուժային կառույցների գլխին ունենալ քաղաքական անձինք, բայց որոնք հաշվետու են Խորհրդարանին, վերահսկելի են Խորհրդարանի կողմից:
Շատերը նշում են, թե երկրում հեղաշրջում է կանխվել։ Որքանո՞վ եք լուրջ համարում նման պնդումը։
Այստեղ երևի պետք է կոտրված ժպիտով հիշել Ռոբերտ Քոչարյանի՝ ավելի քան 20-ամյա վաղեմության խոսքը. «Ո՞վ է այն տղամարդը, ով հեղաշրջում կանի»: Հեղաշրջման գայթակղություն ամենուր և միշտ կա, երբ իշխանությունը կա՛մ շատ թույլ է, կա՛մ շատ անմարդկային: Ուրեմն՝ պետք չէ ո՛չ թույլ լինել, ո՛չ էլ «սամոդուր»: Այս պլանում մեզանում ամեն բան կարգին էր, ուստի կանխված հեղաշրջման մասին լուրերը կարող են տարածել դա թաքուն երազողները կամ իշխանություններին քծնողները:
Նյութի աղբյուր՝ 1in.am