Խուճապ։ Հասկանու՞մ եք։ Այդ մեկ բառով պետք է բնորոշել նախկինների «ագրեսիվ» կեցվածքը, հենց լսում են, որ իրենց մասով քրեական գործեր կան։
Միքայել Մինասյանն ուղղակի մեյդան է ընկել ու «նախահարձակ» է լինում։ Մինչդեռ, ազնիվ լինենք, հիմա նրա հետ ոչ ոք շախմատ չի խաղում։ Նրա մասով ամեն ինչ պարզ է՝ հիմա պետք է ընդամենը ասի, թե փեսայի կարգավիճակում ինչպե՞ս է հարստացել, ինչի՞ հաշվին է կուտակել, ո՞րն է գործարարի այն ռոտշիլդյան հնարամտությունը, որը նրան փեսայից դարձրեց օլիգարխ։
Վիգեն Սարգսյանի պարագան ընդհանրապես թեմա չէ։ Սկսենք նրանից, որ բանակի հետ նրա ամենապատասխանատու առնչությունը եղել է միանգամից պաշտպանության նախարարի կարգավիճակում, քանի որ մարդն ուղղակի բանակում չի ծառայել։ Եվ նախարարի պաշտոնում, ինչպես հիմա է պարզվում, ըստ մեղադրանքի, թույլ է տվել չարաշահումներ՝ զինծառայողների համար նախատեսված բնակարաններ է բաշխել սեփական քմահաճույքով։ Գործը հարուցված է, Վիգեն Սարգսյանը գտնվում է Ամերիկայում ու մտադիր էլ չէ վերադառնալ Հայաստան։ Որովհետեւ ուսումնառում է ծրագրով, եւ «ծրագրի ընդհատումը այս փուլում կհանգեցնի այն ավարտին հասցնելու հնարավորությունը կորցնելուն»։
Հասկացա՞ք։ Չի ուզում ասի, որ մեղադրանքն իրականում վախեցրել է իրեն։ Չի ուզում ասի՝ ինձնից վազն անցեք, ես նստողը չեմ, ասում է՝ ուսումնառում եմ։
Նյութի աղբյուր՝ ILur.am