Խուճապ։ Հասկանու՞մ եք։ Այդ մեկ բառով պետք է բնորոշել նախկինների «ագրեսիվ» կեցվածքը, հենց լսում են, որ իրենց մասով քրեական գործեր կան։
Միքայել Մինասյանն ուղղակի մեյդան է ընկել ու «նախահարձակ» է լինում։ Մինչդեռ, ազնիվ լինենք, հիմա նրա հետ ոչ ոք շախմատ չի խաղում։ Նրա մասով ամեն ինչ պարզ է՝ հիմա պետք է ընդամենը ասի, թե փեսայի կարգավիճակում ինչպե՞ս է հարստացել, ինչի՞ հաշվին է կուտակել, ո՞րն է գործարարի այն ռոտշիլդյան հնարամտությունը, որը նրան փեսայից դարձրեց օլիգարխ։
Վիգեն Սարգսյանի պարագան ընդհանրապես թեմա չէ։ Սկսենք նրանից, որ բանակի հետ նրա ամենապատասխանատու առնչությունը եղել է միանգամից պաշտպանության նախարարի կարգավիճակում, քանի որ մարդն ուղղակի բանակում չի ծառայել։ Եվ նախարարի պաշտոնում, ինչպես հիմա է պարզվում, ըստ մեղադրանքի, թույլ է տվել չարաշահումներ՝ զինծառայողների համար նախատեսված բնակարաններ է բաշխել սեփական քմահաճույքով։ Գործը հարուցված է, Վիգեն Սարգսյանը գտնվում է Ամերիկայում ու մտադիր էլ չէ վերադառնալ Հայաստան։ Որովհետեւ ուսումնառում է ծրագրով, եւ «ծրագրի ընդհատումը այս փուլում կհանգեցնի այն ավարտին հասցնելու հնարավորությունը կորցնելուն»։
Հասկացա՞ք։ Չի ուզում ասի, որ մեղադրանքն իրականում վախեցրել է իրեն։ Չի ուզում ասի՝ ինձնից վազն անցեք, ես նստողը չեմ, ասում է՝ ուսումնառում եմ։
Հետաքրքիր մարդիկ են նախկինները։ Որին մի հայացք ես նետում, թաթախված է որեւէ քրեական գործի մեջ։ Որովհետեւ իրենք իրենց արարքներում իսկապես քրեական ոչինչ չեն տեսել, «հավերժ իշխողների» քրեականը ո՞րն է։ Նրանք ընդհանրապես բացառել են մեկ այլ Հայաստանի հնարավորությունը։ Վիգեն Սարգսյանը ավելի շատ շոկի մեջ է, քան հասկանում է, թե ինչ է տեղի ունենում։ Այդ մարդը, կարելի է ասել, աչքերը բացել է, հայտնվել է պետական կառավարման ղեկին, ռեֆերենտ է եղել, աշխատակազմի ղեկավար, նախարար։ Մարդն ուղղակի սովորել էր անպատժելիությանը։ Նրան սնել են անպատժելիությամբ։ Իսկ անպատժելիությունը նրան առանձնացրել է ՀՀ միլիոնավոր քաղաքացիներից։ Հիմա ոչ մի կերպ չի հասկանում, որ ինքը բոլորից մեկն է եւ դեռ մի բան էլ՝ պակաս, որովհետեւ ամենաշարքային քաղաքացիների մեծ մասն ուղղակի քրեական որեւէ պատմության մեջ չկա։ «Սպարապետը», ինչպես նրա մասին արտահայտվել էր իր երկրպագուներից մեկը մեղադրանքին տեղեկանալուց հետո, հոխորտալու տեղ չունի։ Եվ մենք էլ հասկանալու բան չունենք, թե քրեական պատմությունների մեջ թաթախված Վիգեն Սարգսյանի ինչի՞ն է պետք ուսումնառությունը առանց նախորդ արարքների համար պատասխան տալու։
Մեղադրանքը պարոն Սարգսյանի երկրպագուներին աշխուժացրել է. ուզում են ասել, որ բանակը սեփական գրպանի պես օգտագործածն իր թիկունքում երկրպագուների մեծ բանակ ունի։ Մեկը գրել էր՝ ուզում են բոլոր գեներալներին փակեն։ Կառլ, Վիգեն Սարգսյանի մասին ասում են «գեներալ»։ Մարդը ուղղակի չի ծառայել։ Ասենք, նույնիսկ մարտի 1-ի մեջ թաթախված Միքայել Հարությունյանը պիտի եղունգները կրծեր սա կարդալիս։ Քարը տրաքի՝ Սեյրան Սարոյանը, Կառլ։ Իսկ ա՛յ շարքային քրեականները կարող են նույնիսկ շոյվել, երբ պաշտպանության նախկին նախարարը նրանց հետ մի ընդհանուր վարանյոկում «սուխոյ պայոկ» կկիսի։
Իսկ դուք ասում եք արդարություն չկա։ Համբերություն է պետք։
Նյութի աղբյուր՝ ILur.am