Ամենաբարդ իրավիճակում վարչապետին թողեցին մենակ

Ամուլսարի հանքը կշահագործվի, եթե պարզվի, որ հնարավոր է անվտանգ շահագործում, և չի շահագործվի, եթե պարզվի, որ անվտանգ շահագործել հնարավոր չէ: Այդ միտքը Հայաստանում բազմիցս կրկնելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն կրկնում է նաև Միացյալ Նահանգներում, հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներում՝ ասելով, որ այդ հարցում կառավարությունը ազնիվ է լինելու բոլորի հետ և գնալու է ճշմարտության հետևից:

Հայաստանում այս օրերին աշխուժորեն քննարկվում են ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությանը և այդ համատեքստում հրապարակ բերվող վարկածներին առնչվող հարցեր, մասնավորապես՝ «հյուսվող դավադրության» համատեքստում, որ կանխվել է պաշտոնանկություններով:

Իրականում, սակայն, Հայաստանի նոր իշխանության թիվ մեկ քաղաքական խնդիրը ոչ թե ներիշխանական դավադրությունն է կամ այսպես ասած՝ ներիշխանական դավադրությունը և հակահեղափոխությունը, որքան շատ բաց Ամուլսարի խնդիրը, որտեղ ոչ թե հեղափոխություն ու հակահեղափոխություն կամ սև-սպիտակ դիմակայություն է, այլ միմյանց դեմ են հեղափոխության տարբեր մասերը:

Այստեղ է իշխանության թիվ մեկ քաղաքական մարտահրավերը, որովհետև ներիշխանական հարթությունում վարչապետ Փաշինյանի դիրքերը ամուր են և ամուր կլինեն այնքան, քանի դեռ ոչ միայն նրա անձնական վարկանիշն է շատ բարձր, այլ նաև խիստ ցածր է նրան ձեռնոց նետող որևէ գործչի վարկանիշ:

Ամուլսարի հարցում ճշմարտության հետևից գնալու վարչապետ Փաշինյանի հավաստիացումներն այլ բան չեն, քան բարդ իրավիճակում ժամանակ շահելու մարտավարություն, ընդ որում՝ կարևոր չէ, թե ինչ լուծման համար, որովհետև երկու դեպքում էլ որևէ լուծում առաջացնելու է դիմադրության շոշափելի, զգայուն շրջանակ, որը պետք է հաղթահարել: Առանձին քննարկման և դիտարկման է ենթակա, թե որ դիմադրությունն է ավելի հաղթահարելի, որ որոշման իրագործումն է իշխանության համար ավելի դյուրին: Սակայն ակնառու է, որ ներկայումս իշխանության թիվ մեկ քաղաքական խնդիրը հենց այստեղ է, ոչ թե «հակահեղափոխության մեջ»:

Ըստ այդմ՝ ներքաղաքական զարգացումների հնարավոր սցենարների ելակետ թերևս պետք է դիտարկել Ամուլսարը, այս կամ այն հանգուցալուծման պայմաններում, ոչ թե գործնականում ցանկացած իշխանության համար ընթացիկ քաղաքական խնդիրներ ենթադրող զարգացումները՝ հրաժարականների կամ պաշտոնանկությունների տեսքով:

Մինչդեռ ակնառու է, որ Ամուլսարի հարցում վարչապետ Փաշինյանը քաղաքական իմաստով մնացել է մենակ:

Նյութի աղբյուր՝ 1in.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ