Կփոխի՞ այդ արդյունքը ԱԱԾ պետի եւ ոստիկանապետի փոփոխությունը, թե՞ այդուհանդերձ հարկ է փոխել ռեֆորմի «գնագոյացման» փիլիսոփայությունը

Ես էլ բավարարված չեմ կոռուպցիայի դեմ պայքարի մակարդակից, Նյու Յորքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա իր դժգոհությամբ է պայմանավորել նաեւ ուժային բլոկում կադրային փոփոխությունները: Ինչպես հայտնի է, պաշտոնանկ եղան ոստիկանության եւ ԱԱԾ ղեկավարները: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է կոռուպցիոն առանցքի վրա կառուցված կառավարման համակարգից օրինական առանցքով կառավարման համակարգի անցման բարդության մասին:

Ակնառու է, որ բարեփոխումների արագությունը զգալիորեն կախված է ֆինանսական կարողությունից: Բարեփոխումները գին ունեն, որեւէ մեկը պետք է վճարի այդ գինը: Ի դեպ, նախկին իշխող համակարգը, կամ օրինակ Սերժ Սարգսյանը՝ որի ուսին էր մնացել այդ համակարգի տարիներից կուտակած բեռը, ամենեւին դեմ չէին լինի բարեփոխումների:

Բայց նրանց առաջ էլ կանգնած էր գնի հարցը՝ ո՞վ էր վճարելու այդ գինը: Եվ ներիշխանական լրջագույն հակասություններն ու բաժանարար գծերը առաջացել կամ խորացել էին հենց այն պատճառով, որ բոլորն էին հասկանում՝ առանց բարեփոխման համակարգն այլեւս դառնում է անկենսունակ եւ չունի ապագա, անխուսափելի է դառնում գահավիժումը, եւ ըստ այդմ անխուսափելի է դառնում որեւէ զոհաբերությունը՝ որպես բարեփոխման գին:

Ու ոչ ոք չէր ուզում լինել այդ գինը վճարողը: Նաեւ դա էր պատճառը, որ միահամուռ կերպով Սերժ Սարգսյանին մղեցին երրորդ ժամկետի, գնի պատասխանատվությունը նրա վրա թողնելու համար: Անգամ նրա երրորդ ժամկետի դեմ պայքարող ներհամակարգային ոչիշխանական խմբերը կամ շերտերը պայքարում էին նրան նահանջի ճանապարհ չթողնելու ակնկալիքով: Գործնականում չկար Սերժ Սարգսյանին իշխանությունից անհապաղ հեռացնելու խնդիր, որովհետեւ դեռ շատ բան կար, որ համակարգն ակնկալում էր «դուրս գրել» Սարգսյանի վրա:

Բայց, ի վերջո, Սերժ Սարգսյանը «դուրս գրեց» համակարգը, օգտվելով այն հեղափոխական վիճակից, որ ստեղծվեց իր երրորդ ժամկետի կապակցությամբ: Իր հետհեղափոխական հարցազրույցներից մեկում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսում էր հեղափոխության ծավալմանը կասկածելի «պասիվ դիմադրությունից»: Սերժ Սարգսյանը «պասիվ դիմադրեց» հեղափոխությանը, որովհետեւ այդ «շանսը» չօգտագործելու դեպքում նա չէր կարողանալու ոչինչ անել իշխող համակարգի դեմ՝ անգամ ամենաակտիվ դիմադրության պարագայում:

Այդ համակարգը նրան տանում էր զոհաբերության, Սերժ Սարգսյանին դարձնելով գին: Ներկայում հանրությունը Նիկոլ Փաշինյանից է պահանջում արագ ռեֆորմ, մինչդեռ բաց է այդ արագության գնի հարցը: Այդ հարցերին ի պատասխան սակայն մատնացույց են անում նախկին իշխող համակարգը, պահանջելով գինը վերցնել այդ համակարգից: Փաշինյանն ինքն էլ գուցե ակնկալում էր այդ մեխանիզմը, բայց այստեղ կա արդյունավետության խնդիր: Հենց այդ խնդրի մասին է խոսում վարչապետը, ասելով, որ դժգոհ է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքից: Կփոխի՞ այդ արդյունքը ԱԱԾ պետի եւ ոստիկանապետի փոփոխությունը, թե՞ այդուհանդերձ հարկ է փոխել ռեֆորմի «գնագոյացման» փիլիսոփայությունը: Բայց պատրա՞ստ է դրան հանրությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ