«Աստված մի արասցե, բայց եթե ոտնձգություն լինի, 7000 մարդ կկանգնի մեր զինվորի կողքին առաջնագծում, իսկ դա մեծ ուժ է», հայտարարել է ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խորհրդարանական կառավարող կուսակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ խոսելով Հայաստանում սեպտեմբերի 24-ին մեկնարկած զորավարժության մասին:
Նրա խոսքերով՝ զորավարժությանը մասնակցել է ավելի քան 6500 ԵԿՄ-ական: Առաջին հայացքից Սասուն Միքայելյանը ներկայացնում է սովորական զորահավաքային վիճակագրություն, ինչը նաև մտնում է գործնականում այդօրինակ զորավարժությունների նպատակների մեջ: Սակայն Միքայելյանը հաջորդիվ, ի պատասխան լրագրողների, անդրադարձել է Արթուր Վանեցյանի շուրջ ստեղծված վիճակին, վարչապետի և Վանեցյանի հայտարարություններին: Եվ երբ նրա զորահավաքային «սովորական» վիճակագրությունը համադրում ենք այդ խոսքերին, ապա ստացվում է ուշագրավ տողատակ:
Սասուն Միքայելյանն ու Արթուր Վանեցյանը կհայտնվե՞ն միևնույն քաղաքական ճամբարում, իրենց հետ տանելով նաև ՔՊ ճամբարում գտնվող որոշակի այլ անձանց, որպիսիք, անշուշտ, կան: Համենայնդեպս, Արթուր Վանեցյանի շուրջ ստեղծված իրավիճակին Միքայելյանի արձագանքը ստեղծում է այդպիսի դիտարկումների հիմք:
Այդ համատեքստում էլ նրա վիճակագրական հիշատակումը՝ 7000 ԵԿՄ-ականի մասին, գործնականում ստանում է քաղաքական «հիմնադիր կապիտալի» մասին ակնարկի իմաստ: Միևնույն ժամանակ, դա հետհեղափոխական բնականոն գործընթացի հատկանիշ է և դրվագ, ու այստեղ կարևոր է, որ Միքայելյանը այդպիսի հավակնության պարագայում ստանձնի քաղաքական պատասխանատվություն և չզբաղվի «պարտիզանությամբ», բայց միևնույն ժամանակ նաև ԵԿՄ-ով, որովհետև Երկրապահը քաղաքականությունից դուրս բերելը Հայաստանի Հանրապետության համար ինստիտուցիոնալ հրամայական է: