«Արթուր Վանեցյանը թեկուզ իմ ընկերն է, ես անընդունելի եմ համարում նման արձագանքը»․ Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետությունում լարվածություն չկա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջև «փոխհրաձգությանը»։

«Կան իրավապահ մարմիններ, որոնք գիտեն եւ գիտակցում են, որ գործում են օրենքի շրջանակներում»,– նշեց նա։

Արթուր Վանեցյանի կոշտ հայտարարության առնչությամբ Ալեն Սիմոնյանը նշեց. «Բացասական եմ գնահատում եւ համարում եմ, որ սպան, որն իր տեքստն ավարտում է «պատիվ ունեմ» արտահայտությամբ, պետք է գիտակցի, որ պետության ներսում պետության ղեկավարի հետ ունենալով երկարատեւ լավ հարաբերություններ, շփում՝  ինքն իրեն պետք է թույլ չտա նման ձեւով, նման ոճով  աշխատել, արձագանքել։ Առավել եւս՝ նման պաշտոն զբաղեցրած անձը պետք է դա շատ լավ գիտակցի»։

Ալեն Սիմոնյանը նշեց՝ Արթուր Վանեցյանը թեկուզ իր ընկերն է, ինքն անընդունելի է համարում նման արձագանքը. «Իհարկե, ես անընդունելի եմ համարում: Բացի իմ բազմաթիվ ընկերներից, որոնց ես ունեմ ՀՀ-ում, ես ունեմ իմ ամենամեծ ու ամենակարեւոր ընկերը, որը իմ քաղաքական թիմն է: Նույնիսկ երբ իմ ընկերը սխալ է անում, ես ճիշտ եմ համարում իմ ընկերոջը դրա մասին ասել»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ