Աշխատանք է տարվելու «մանկապարտեզի հերթ» կոչված արատավոր երևույթը վերացնելու ուղղությամբ

Սեպտեմբերի 23-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ,
Այսօրվա նիստը ուզում եմ սկսել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման նախորդ նիստի արդյունքներն ամփոփելով։ Նախորդ նիստի ընթացքում մենք անդրադարձանք ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված շատ կարևոր և գործնական քայլերի։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ կառավարությունը վճռական է տրամադրված երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցում։

Հետևաբար, նախորդ նիստի քննարկման արդյունքներով կարող ենք ազդարարել, որ 2020 թվականից սկսած մեկնարկելու ենք ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր։

Աշխատանք ենք տանելու «մանկապարտեզի հերթ» կոչված արատավոր երևույթը փուլային եղանակով վերացնելու ուղղությամբ։ Նախադպրոցական և դպրոցական հաստատություններում ունենալու ենք երկարօրյա խնամքի և ուսման ծառայությունների ընդլայնում, մասնավորապես՝ համավճարի տարբերակով կազմակերպելու ենք խնամք ժամը 08:30-ից մինչև 19:00-ն: Արդյունքում աշխատող ծնողը հնարավորություն պետք է ունենա իր բնակավայրին կամ աշխատատեղին մոտ նախադպրոցական և դպրոցական հաստատություններում իր երեխայի խնամքը կազմակերպել:

Ամենակարևոր դրույթներից մեկը, իհարկե, երիտասարդ ու երեխա ունեցող ընտանիքների բնակարանային կարիքները բավարարելու ծրագրերն են և 2020 թվականը մեկնարկելու ենք հավակնոտ ծրագրերով, որոնց շրջանակներում երեխայի ծնունդով պայմանավորված հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար պետությունը տրամադրելու է և՛ միանվագ դրամական աջակցություն, և՛ կանխավճարի ապահովագրություն մարզային բնակավայրերում:

Նախնական ծրագրի բյուջեն կկազմի մոտավորապես 500 մլն. դրամ, բայց սկզբի համար, կարծում եմ, սա ավելի քան բավարար կլինի: Զուգահեռաբար աշխատանքներ կտարվեն մարզային բնակավայրերում նպատակային բնակարանաշինական ծրագրերով, որով Քաղաքաշինության կոմիտեն արդեն զբաղվում է։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ