Փաշինյանը հայտարարեց առաջին փուլի ավարտը. նոր պայքարի սկիզբը

Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով, որի ընթացքում արել է երկու էական արձանագրում: Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու մասին վարչապետ Փաշինյանը հայտարարում է ամենևին ոչ առաջին անգամ, սակայն սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած խորհրդակցությանը նա խոսել է պայքարի «ռեսթարտի» մասին:

Իսկ դա որոշակիորեն նշանակում է ոչ թե արդյունավետության աստիճանական աճի տրամաբանություն, այլ որոշակիորեն նոր շրջափուլի: Այլ կերպ ասած, Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարի առումով հայտարարում է առաջին շրջափուլի ավարտի և երկրորդը սկսելու անհրաժեշտության մասին:

Ըստ այդմ, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ինտենսիվությունը լուծում է ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական խնդիր, ապահովելով հասարակական-քաղաքական կյանքի արդիականացման, այսպես ասած, օրենսդրական մեխանիզմների կենսագործման թիկունքը, քանի դեռ այդ մեխանիզմները ինքնին չունեն խորքային արմատներ հանրային մտածողության և քաղաքական պրակտիկայի դաշտում:

Մյուս կարևոր արձանագրումը, որ արվել է խորհրդակցության ընթացքում, իրավապահ կառույցների փոխգործակցության լիարժեքության հարցն է, որտեղ, ըստ վարչապետի, առաջացել են խնդիրներ: Սա, իհարկե, առանձին խոսակցության առարկա է, որին կանդրադառնանք առաջիկայում, սակայն նկատենք, որ այս խնդիրը գործնականում եղել է նաև նախկին իշխանությունում, երբ ակնառու արտահայտվում էր այս կամ այն իրավապահ կառույցների միջև մրցակցությամբ՝ պայմանավորված հատկապես դրանց ղեկավարների շահերով ու փոխհարաբերությամբ:

Բանն այն է, որ այդ իրավիճակը «կարգավորվում» էր «խորքային պետության» կոռուպցիոն սխեմաներով, որտեղ, ի վերջո, չեզոքանում և բալանսավորվում էին այդ ոչ լիարժեք գործակցությամբ պայմանավորված խնդիրները: Այժմ, երբ դրված է «խորքային պետությունը» բացառելու ռազմավարական խնդիր, ակնառու է, որ իրավապահ կառույցների միջև գործակցության լիարժեքության բացակայությունը հղի է խորքային հետևանքով, որի կանխարգելման հարցը բարձրաձայնում է վարչապետը: Այստեղ կա մեկ այլ հարց՝ հաջողվելո՞ւ է գտնել կանխարգելման արդյունավետ տարբերակ, որը հիմնված չէ միայն Փաշինյանի անձնական գործոնի վրա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ