«Ադրբեջանցիները թող պատրաստվեն ջախջախվելու՝ սա իսկական առիթ է». Լեւոն Շիրինյան

Թող պատրաստվեն ջախջախվելու, սա իսկական առիթ է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում երեկ հայտարարեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը:

Վերջինս երեկ «օպերատիվորեն»  արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 5-ին Արցախում արված «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությանը եւ նշել, որ իրենք առաջիկայում իրենց խոսքը կասեն ռազմի դաշտում, իրենք երազում են այդ մասին: Հասանովին պատասխանել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ասելով, որ երազելը շատ լավ է:

«Ինչու, իրենք տեղյակ չէի՞ն, որ Արցախը Հայաստան է եւ վերջ: Ողջ հայ ժողովուրդը վարչապետի թիկունքին է: Ես մի կարճ բան ունեմ ասելու Զաքիր Հասանովին՝ կարող ե՞ք՝ արեք: Պրակտիկան ի՞նչ է ցույց տալիս, պրակտիկան գործնականում ցույց է տալիս հետեւյալը, որ ինչքան գրոհել են, այնքան ջախջախվել են, ու դա ուղեկցվել է նոր տարածքների ազատագրումով:

Ուրիշ ոչինչ չի եղել: Ապրիլյան պատերազմի ժամանակ իրենց թիկունք էր կանգնած եղել մեր հյուսիսի «բարեկամը»: Մեր նախկին իշխանության պարագայում, անհասկանալի գերագույն հրամանատարության գործողությունների պայմաններում իրենք ի՞նչ հաջողություն ունեցան, կարո՞ղ եք ասել: Որեւէ հաջողություն չունեցան, բացի Վարազաթումբը, որը վերցրել են:

Սա քարոզչություն է, իսկ քարոզչությունը զուտ խոսելու վրա է: Մեր բանակի ոգին բարձր է: Մեր դաշնակիցն ուզի, թե չուզի՝ իր նախկին դերը չի կարող խաղալ: Նրանց դիրքորոշման մեջ փոփոխություն կա ու չեն կարող հաշվի չառնել հայկական գործոնի նշանակությունը: Ժողովուրդը այսօր իշխանությունից օտարում չունի, ճի՞շտ է: Ունի նեղացվածություն, որ ռեֆորմները դժվար է լինում, բայց օտարում գոյություն չունի այնպես, ինչպես Սերժի ժամանակ էր: Հայաստանում արմատական փոփոխություններ են լինում: Թող փորձեն, դրա համար ասում ենք՝ կարո՞ղ ես՝ արա»․զրույցի ժամանակ ասեց Շիրինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ