Ինքնիշխանության հարցը դարձել է Հայաստանի համար լրջագույն խնդիր, այս հարցը քննարկումների առանցքում է: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ քաղաքագետ Անուշ Սեդրակյանը հակադարձեց՝ նշելով, որ ինքնիշխանության դիսկուրս չի հնչում: «Չեմ տեսել, որ ինքնիշխանությունը հայտարարությունից այն կողմ երևան գա իբրև պետական համակարգված ծրագիր:
Չկա իշխանության որևիցե ճյուղ, որտեղ տեսնեմ ռեֆորմիստական, մշակված ստրատեգիական ընթացք դեպի այն ինքնիշխանությունը, որը մեզնից գողացված է եղել տարիներ շարունակ»,- նշեց քաղաքագետը:
Ա. Սեդրակյանը, անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությանը, ընդգծեց, որ Ա. Վանեցյանի հրաժարականի տեքստը ոչ թե լրջագույն պաշտոնյայի հայտարարություն էր, այլ պոետական ելույթ: Քաղաքագետի խոսքով՝ պետք է հստակ պարզաբանվեր, թե կոնկրետ ինչ քաղաքական անհամաձայնություններ են եղել:
Այսօր տեղեկություն է հրապարակվել, ըստ որի՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, և Վանեցյանն առաջիկայում կանդամակցի ԲՀԿ-ին: Վանեցյանը չի լինի կուսակցության շարքային անդամ, այլ կուսակցության առաջիկա համագումարում կընտրվի վարչության անդամ:
«Ես այդ դեպքում կողջունեմ ԲՀԿ-ի քաղաքական հեռատեսությունը,- նշեց Ա. Սեդրակյանը,- պատկերացնո՞ւմ եք՝ ինֆորմացիոն ինչ անգնահատելի բագաժով է Վանեցյանը մտնում ԲՀԿ, մարդ, որը եղել է հեղափոխական իշխանության կողքին, իսկ հեղափոխական իրշխանությունը միշտ վայրիվերումների, տարերային քայլերի ու որոշումների իշխանություն է: Եվ հիմա նա մտնում է այնպիսի մի թիմ, որն ունի ճկուն անցյալ, հայտնի է իր կարծրատիպերով, իր տնտեսական լծակները պաշտպանելով:
Քանի կուսակցություն խորտակվեց, իսկ ԲՀԿ-ն մակերևույթի վրա է: Եվ այստեղից, կարելի է դատել իշխանության անհեռանկար քայլերի մասին, որ թույլ են տվել ԱԱԾ պետ դառնալ այնպիսի մարդու, որը պոտենցիալ «պերեբեժչիկ» է եղել… Եթե այս սցենարն իրականանա, վատ սցենար կլինի, բայց կլինի նախօրոք պլանավորված քաղաքական սցենար, որտեղ իշխանությունը հաղթող դուրս չի գա»:
Նյութի աղբյուր՝ 1in.am