Քոչարյանն ու Պողոսյանը Մոսկվայի ձեռքերում

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը տեղեկություն է տարածել, որ լրացվել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գործի մեղադրանքը: Պողոսյանին մեղադրում են նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու /փողերի լվացման/ համար:

Օրերս ԴԱՀԿ նախկին պետի գրասենյակի անունից տարածվել էր հայտարարություն, որտեղ Պողոսյանը որոշել էր ընդդիմախոսել Հայաստանի հանրությանը եւ դատապարտել «վենդետտայի» քաղաքականությունը: Դա տեղի էր ունեցել ԱԱԾ պետի եւ ոստիկանապետի պաշտոնանկության ֆոնին: Թե ինչու՞ էր Ռուսաստանում պատսպարված Միհրան Պողոսյանը որոշել տարածել այդպիսի հայտարարություն, գուցե նա կբացատրի ինքը, երբ գա Երեւան: Կամ, գուցե տարածել էր, որովհետեւ զգացել էր, որ բավականին մեծ է Երեւան «վերադառնալու» հավանականությունը:

Իհարկե, այդ ամենը հարաբերական է, որովհետեւ Պողոսյանն ի վերջո Ռուսաստանի ձեռքում է եւ նրա վերադարձը կախված է Մոսկվայի որոշումից: Սակայն խնդիրը գուցե նաեւ հենց այստեղ է, որովհետեւ արդեն երկրորդ անգամ Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը հայտարարում է, որ Պողոսյանը չի ստացել ապաստան, այլ ընդամենը Ռուսաստանում է, եւ ՌԴ դատախազությունը Հայաստանից ակնկալում է նրա արտահանձնման անհրաժեշտությունը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր:

Ըստ ամենայնի, հենց այդ հանգամանքն է նաեւ անհանգստացրել Պողոսյանին, որը պատրաստվում է «քաղաքական պաշտպանության» եւ հենց այդ նպատակով էլ արվել է նրա գրասենյակի հայտարարությունը:

Համենայն դեպս, մեկին՝ Ռոբերտ Քոչարյանին, Մոսկվան հանձնեց բավականին նուրբ դիվանագիտական ճանապարհով: Մյուսի՝ Պողոսյանի հանձնման հարցը դրված է քննարկման: Հետեւաբար պետք չէ բացառել իրավիճակ, որ ավելորդ չդիտվի երրորդի «հանձնման» հարցը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ