Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ կոռուպցիայի դեմ պայքարին պետք է նոր թափ հաղորդել: Այդ մասին նա հայտարարել է երեկ կառավարությունում իրավապահ համակարգի մարմինների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ:
Ուշագրավ է, որ Փաշինյանն այս խորհրդակցությունն անցկացրել է կադրային վերջին որոշումների համատեքստում, այլ խոսքով՝ կառավարության հակակոռուպցիոն պայքարը պայմանավորել է իր կադրային որոշումներով։
«Այսօրվա մեր խորհրդակցության նպատակը հետևյալն է. հաշվի առնելով նաև իրավապահ համակարգում տեղի ունեցած կադրային նշանակալի փոփոխությունները՝ ամփոփել կոռուպցիայի դեմ պայքարի վերջին ավելի քան 1 տարվա արդյունքները և այս հարցի կապակցությամբ կողմնորոշվել մեր հետագա անելիքների շուրջ»,- ասել է Փաշինյանը:
«Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարին պետք է նոր թափ հաղորդենք, և եթե կարելի է ասել, այս պրոցեսը ենթարկել ռեստարտի, որովհետև դա չափազանց կարևոր եմ համարում ոչ միայն նախկինում տեղի ունեցած կոռուպցիոն բնույթի հանցագործությունները բացահայտելու առումով, այլև ես ուղղակի համոզված եմ, որ եթե մենք բավարար չափով սկզբունքային չլինենք այս հարցում՝ կոռուպցիան մի երևույթ է, որը նոր պայմաններին ադապտացվելու ձևերը կգտնի և փուլ-փուլ, կամաց-կամաց սողացող ձևով վերադառնալու հատկություններ կցուցաբերի», – ընդգծել է վարչապետը։
Այսպիսով՝ Փաշինյանը բաց տեքստով հասկացնում է, որ ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետն աշխատանքից ազատվել են ոչ արդյունավետ գործունեության համար, իսկ՝ եթե ավելի կոնկրետ խոսենք, ապա անհրաժեշտ պայքար չի ծավալվել կոռուպցյաի դեմ՝ պրոֆեսիոնալիզմի կամ ցանկության բացակայության հետևանքով։
Վանեցյանի ու Օսիպյանի հեռացումներով իշխանությունը պառակտվել չի կարող, որովհետև նրանք քաղաքականություն մշակող սուբյեկտներ չեն։ Հակառակը՝ իշխանությունը ձերբազատվել է նախկին համակարգի մնացորդներից ու քաղաքական առումով շատ ավելի ուժեղ ու վստահելի է դարձել։
Նյութի աղբյուր՝ 1in.am