Լրագրող Նարինե Կիրակոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Այս տոնական օրով ստիպված եմ գրել մարդկային վայրագ տեսակի մասին, որ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԻՄՎՈԼՆԵՐԻՑ մեկի վրա ԶԵՆՔ Է բարձրացնում՝ արդեն որերրորդ անգամ։
Կրակել են շատ հազվադեպ, կարմիրգրքյան տեսակի — Սև ԱՐԱԳԻԼԻ վրա։ Ուղեղիս մեջ չի տեղավորվում, թե ինչքան չարություն և տգիտություն պետք է ունենա մարդը, որ խփի արագիլին։ Խփի մահացու զենքով, խփի դիտմամբ և իր արածից հրճվի։ Նողկալի է։ Եվ գիտե՞ք որտեղ. «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում, կամ հարակից վայրում։ Այս սև արագիլի ճուտիկին մոտ մեկ շաբաթ առաջ են կրակել։ Թևը կոտրած այսօր Շիրակի մարզի «Արփի լիճ» ազգային պարկից տեղափոխել են Երևան։
Հիմա նրան արդեն հետազոտել են, դեղորայք տվել, վիրակապել, ֆիքսել կոտրված թևը, մինչև որ վերքը լավանա։ Բայց հավանական է, որ այլևս նա չկարողանա սավառնել կապույտ երկնքի տակ, իր գեղեցիկ իրանով ուրախացնելով Հայաստան աշխարհը։ Ցավալի է, բայց Սև ԱՐԱԳԻԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԴԱՄԵՆԸ 6 ԶՈՒՅԳ ԿԱ, Տավուշում, Արագածոտնում, Սյունիքում, Շիրակում և Լոռիում։
Եվ նրանցից մեկ զույգը բնադրվում է հենց «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում։ Այսինքն այս վիրավոր փոքրիկը այդ զույգի բալիկն է։ Նա հիմա հյուծված է, նրան ստիպողաբար կերակրում են, որ կազդուրվի։ Ու տա Աստված, որ ոսկորն էլ կպնի, կազդուրվի ամբողջովին, բայց դեռ վաղ է որևիցե կանխատեսում անել։ Ժամանակ է հարկավոր։ Այս պահին իմ միտքը, բարկությունը հանգստացնելով, բղավեմ, որ մեր երկրում ՇԱՏ ՇՏԱՊ պետք է որսորդներին տրված զենքերը վերաստուգվեն, ընդհանրապես ով ունի զենք, նա պետք է նորից հանձնի հոգեբանական թեստ։ Իր գիտելիքները կենդանական աշխարհի մասով պետք է քննվեն։
Այս և այլ բացթողումների մասին քանիցս խոսել են նույնիսկ հենց իրենք որսորդները, սակայն պատկան մարմինները ամենը հակառակ արեցին. մեկ Վանեցյանը ցանկացավ զինաթափել բոլորին, մեկ Շրջակա միջավայրի նախարարությունը որսի ոլորտը կարգավորելու փոխարեն օրեր նշանակեց և այլն։ Այսինքն հասարակ մի բան, որ զենք ունեցողը իր ուղեղի պարունակությունն ու հոգևիճակը առողջ պետք է ցույց տա սարքեցին «հայոց հարց»։
Արդյունքում այս մեկ-երկու ամսվա մեջ մի քանի հրազենային, կամ այլ վնասվածքներով արագիլներ, կարմիրգրքյան մորուքավոր անգղ, բվեճ, քարարծիվ, հավալուսն, ճուռակ և այլ թռչուններ։ Սրան պետք է վերջ տալ։ Պայքարենք գիտակից քաղաքացիներով, որովհետև կառավարության մակարդակով ոլորտը դեռ չենք կարողանում կարգի բերել։ Անպատժելիության մթնոլորտն էլ թև է տալիս որսագողերին»:
Նյութի աղբյուր՝ shamshyan.com