«Ես թուրքերին լացացնողներից մեկն եմ եղել». «Ղարաբաղի Կոբրա»

«Ղարաբաղի Կոբրա»` այս մականունով են մարտական ընկերները  կնքել Մարինեին: «Երբ որ գնացել էինք թուրքերի կողմը ռազվեդկայի, ես այդ ժամանակ որ կապվել եմ, կապը եղել է`кобра, кобра, отвечаете кобру два: Այդպես մականունս մնացել է Կոբրա»։

Կինն այսօրվա պես է հիշում Շուշիի ազատագրումը:

«Շուշիի ազատագրման օրը շատ ծանր վիճակ էր, սկզբում անձրև էր գալիս, հետո` ձյուն, դժվար էր տղաների համար այդ դիքը բարձրանալը: Մենք բարձրացանք Ջանհասան Քյոսալարի կողմով, այսինքն` ամենածանր հատվածը, երկու գյուղերի միջև պետք է հսկեինք, որ այնտեղից թուրքերը Շուշիին օգնության չգային: Մեր տղերքն արիաբար կռվեցին, մենք ընդամենը 15 զոհ ունեցանք: Բոլորս միասին 155 մարդ էինք և պաշտպանել ենք Շուշին Ջանհասան Քյոսալարից »,- պատմում է Դուլյանը:

Նա հիշում է, որ Շուշին ազատագրելուց հետ բոլորը միասին պարել են:

«Պարել ենք քոչարի, մեր հայկական քոչարին: Դա ուրախություն էր, որ կարողացել ենք վերջապես թուրքի գլուխը ջարդել, օձի գլուխը ջարդել»,- նշում է  նա:

Մարինե Դուլյանը կռվել է Երասխում, Գետաշենում, Հադրութում, մասնակցել է Շուշիի ազատագրմանը Ջանհասան Քյոսալարում, այնուհետև եղել է Մարտակերտում:

«Այնտեղից թուրքի ձեռից հայի երեխա եմ գողացել, հետո տղաներն ինձ ուղարկել են այստեղ, ես սկսել եմ երեխային պահել: Դա հայի երեխա էր, երեխայի մորը թուրքերը տարել են, հղի է եղել, գրազ են եկել, փորը բացել են, երեխային գցել են կողքի: Ես գողացել եմ, պահել եմ, իմ վերցնելուց մեկ ժամ առաջ էին հանել»,- պատմում է ազատամարտիկ կինը:

Երեխան, որին Մարինեն գիշերով գողացել է թուրքերի ձեռից, տղա է, ով այսօր ծառայում է Հայոց բանակում, իսկ մայիսի 30-ին էլ զորացրվելու է: Բացի տղայից, Մարինեն մեկ աղջիկ էլ ունի ու երկու թոռնիկ:

Համեմատելով Արցախյան ազատամարտի տարիներն ու այսօրվա օրերը` Մարինե Դուլյանն ասում է, որ եթե, Աստված չանի, նորից պատերազմ լինի, հայ երիտասարդների մի մասը չի գնա հայրենիքը պաշտպանելու:

«Իհարկե մենք ունենք ջահել երեխեք, որ մեր հետևորդները կդառնան: Բայց երեխաներ կան, որ չեն ուզում բանակ գնալ, դա ծնողների դաստիարակության հետևանք է: Ծնողները չեն ուզում, որ երեխաները բանակ գնան, ասում են` ո՞ւմ համար գնան, ինչի՞ համար գնան: Բայց իմ տղային երբ ասեցի` ազատված ես բանակից, ասեց` ես պետք է գնամ: Դա մեր դաստիարակությունից է: Ծնողը եթե տղա երեխայի մեջ դաստիարակի, որ ինքը պետք  է հերոս դառնա, երեխան երբեք հետ չի կանգնի ծառայությունից»,- նշում է նա:

«Ղարաբաղի Կոբրան» ասում է, որ պատերազմի տարիներին իրեն ոգևորել է այն փաստը, որ բնիկ գետաշենցի է: Միշտ մտածել է, որ դա իր հայրենիքն է, իր հողը, ուրեմն հենց ինքը պետք է պաշտպանի այն: Նա նշում է, որ ազատամարտիկներն ամեն ինչ արել են այսօրվա սերնդի համար, որ նրանք չտեսնեն այն դժվարությունները, որոնք կային 90-ականների սկզբին: Հայաստանում Մարինե Դուլյանը կուզեր մեկ փոփոխություն իրականացնել` սովորեցնել հարգել զինվորին:

«Մեկ-մեկ տղաները համազգեստը հագած դուրս են գալիս, ոմանք ասում են` իրենց կառնավալի շորերն են հագել: Մեր ջահելությունը հարգանքի մասին ոնց որ մոռացել է: Հարգանք պետք է լինի զինվորական համազգեստի հանդեպ»,- ասում է նա:

Մարինե Դուլյանի խոսքով` ազատամարտիկները միշտ էլ սոցիալական խնդիրներ են ունեցել, այսօր էլ ունեն: Բայց կարծում է, որ ամեն մարդ ինքը պետք է աշխատի ու արարի:

«Իմ պապն ասում էր` ձեռ-ոտ ունես, ուրեմն պայքարի: Սոցիալականը մենք ինքներս ենք լուծում` աշխատելով, անելով, դնելով: Եթե պետությունը ինչ-որ մի բանով կարողանա օգնի, շատ գոհ կլինենք»,- նշում է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ