Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կարծիքով դատական համակարգի վրա ճնշումներ չեն գործադրվում և այն ավելի քան անկախ է:
Այս մասին ԲԴԽ նախագահն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:
«Այսօր, դատական համակարգի նկատմամբ ճնշումներ միանշանակ չկան և այն երբեք այսքան զատ ու անկախ չի եղել: Հիշելով ինձ 10 տարի առաջ, երբ ես դատավոր էի, կարող եմ ասել, որ երբեք չի եղել Կառավարության ծրագրերում չի եղել դատավորների աշխատավարձերի բարձրացում, դատարանների շենքային պայմանների ապահովման համար գումարի հատկացում, ինչպես նաև դատավորների քանակի ավելացում»,- նշեց Վարդազարյանը:
Դիտարկմանը, թե արդյոք դատավոր Դավիթ Գրիգորյանի գործը նախադե՞պ էր, որպեսզի վճիռ կայացնելիս մյուս դատավորներն ինչ-որ չափով զգուշանան, ԲԴԽ նախագահը դա չհամարեց ճնշում դատավորների վրա:
«Բոլոր դատավորներն ուղղակի պետք է շատ զգույշ լինեն և փորձեն գործել իրավունքի և օրենքի գերակայության շրջանակներում»,- ասաց Վարդազարյանը: