«Նոր Հայաստանի հերոսը մարդիկ են, որ համարձակություն ունեն տնօրինել իրենց ճակատագիրը». Վարչապետ Փաշինյան

«Մենք խնդիր ունենք անընդհատ կերտել նոր հերոսներ. Հայաստանում միշտ եղել է այդ հարցը՝ ո՞վ է հերոսը Հայաստանի Հանրապետությունում, ո՞վ է այն կերպարը, որին պետք է ձգտեն նմանվել երիտասարդները»,- սեպտեմբերի 21-ին Գյումրիում «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շեշտեց՝ այս հարցը սովորաբար մի պատասխան չի ունենում, աներկբա է, որ առաջին և ամենամեծ հերոսները մեր այն զինվորներն են, ովքեր կանգնած են սահմանին, մեր սպաները, մեր Զինված ուժերը, մեր գեներալները:

«Աներկբա է, որ մեր ժամանակների և բոլոր ժամանակների հերոսներ են մեր ժողովրդի արվեստը և մշակույթը ստեղծած մարդիկ, մեր գիտնականները, մեր բազմաթիվ պետական և քաղաքական գործիչներ, բայց նոր Հայաստանում, նոր Հայաստանի կերպարը ամբողջացնելու համար հարկավոր էր նաև հերոսական այդ համայնապատկերին ևս մի կարևոր շտրիխ ավելացնել, դա աշխատող և արարող մարդու կերպարն է: Մարդիկ են, ովքեր կարող են համարձակություն ցուցաբերել՝ տնօրինել իրենց ճակատագիրը. մարդիկ, որ համարձակություն ունեն իրենց ձեռքը վերցնել իրենց և հայրենիքի ճակատագրի ղեկը, մարդիկ, որ չեն սպասում որևէ մեկից որևէ բան ստանալ, մարդիկ, ովքեր պատրաստ են տալ, կիսվել իրենց գիտելիքով, հմտություններով»,- ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց՝ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական հեղափոխության ժամանակ կար մեկ ուղերձ՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես: Նա ընդգծեց՝ այսօր տնտեսական հեղափոխության այս շրջանում նույն ուղերձն են հղում ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ մեր երկրի բարեկեցությունը, տնտեսական զարգացվածությունը, բանակի հզորությունը ևս կախված են մեկ մարդուց, և այդ մեկ մարդը մեզնից յուրաքանչյուրն է:

«Պետք չէ մոռանալ, որ բանակը ամուր է իր թիկունքով, տնտեսությամբ, աշխատանքով, բարեկեցիկ ժողովրդով: Մեր խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի բարեկեցիկ քաղաքացիների երկիր, և լինելու է բարեկեցիկ քաղաքացիների երկիր, որտեղ մարդիկ ունեն բավարար ինքնագնահատական, բավարար չափով հավատում են իրենք իրենց ուժերին և սեփական ձեռքերով կառուցում են իրենց, իրենց ընտանիքի, միջավայրի և հայրենիքի բարեկեցիկ ներկան: Բարեկեցությունը բավարար է, որ լինի ներկա, այն արդեն պիտի լինի ներկա, և այս միջոցառումը հենց այդ բարեկեցիկ ներկայի մասին է, որը մենք կերտելու ենք, կերտում ենք և կերտում են մեր ժամանակի հերոսները»,- ասաց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ