Շենքի 6-րդ հարկից ընկած երեխան կազդուրվում է՝ նրան այցելել էր Աննա Հակոբյանը

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող  Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան Արվին Վիքսոմը դեռ 2-3 շաբաթ կմնա  բուժհաստատությունում, նա արդեն կազդուրվում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:

«Երեխայի մոտ այս պահին պահպանված է մեկ ոտքի և երկու ձեռքի շարժունությունը, իսկ մյուս ոտքը՝ ֆիքսած է: Փոքրիկի գիտակցությունը պարզ է, կոնտակտի մեջ է մտնում  բոլորիս հետ, ինքնուրույն ուտում է, կենսական բոլոր ֆունկցիաները բավարար են»,- նշեց Չոբանյանը և հավելեց, որ կոմպլեքս բուժում ստանալուց հետո երեխան չի ունենա ոչ մի առողջական խնդիր:

Նրա խոսքով՝ Արվինին դեռևս 2-3 շաբաթ անհրաժեշտ է մնալ այս ռեժիմով՝ նա պետք է պառկած մնա:

Երեխայի բուժման ծախսերը հոգացել է Երևանի քաղաքապետարանը:

Արվինի հայրը՝ Արթին Վիքսոմն իր գոհունակությունը հայտնեց ԲԿ-ի բժշկական անձնակազմից և ասաց, որ բոլորն արել են ամեն հնարավոր բան իր երեխայի կյանքը փրկելու համար:

«Սկզբում հույս չունեինք, որ մեր երեխան ոտքի կկանգնի, սակայն օրեցօր նրա վիճակը լավանում էր և մեզ մոտ հույսը վերականգնվեց: Առաջին իսկ օրվանից այստեղի անձնակազմը շատ ջերմ էր մեզ հետ, մեր փոքրիկի հետ: Շատ շնորհակալ եմ ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանից, Աննա Չոբանյանից և բոլոր բժիշկներից, ովքեր պայքարեցին տղայիս կյանքը փրկելու համար»,- ասաց Արթինը:

Նա նշեց, որ այժմ երեխայի տրամադրությունը շատ բարձր է, խաղում է, բայց մի փոքր նեղվում է, որ անընդհատ պառկած է:

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով եկել էր փոքրիկ Արվինին այցելության՝ իր հետ տարբեր նվերներ էր բերել:

«Ես շատ երջանիկ եմ, որ երեխան արդեն այսքան լավ է: Իրականում չէի սպասում այսպես նրան տեսնել, քանի որ ամեն դեպքում մտածում էի, որ բժշկական լեզվով են ասում, որ երեխան կազդուրվում է: Ես չէի կարող չգալ այստեղ՝ երեխային տեսնելու, ինչպես նաև շնորհակալություն հայտնել բժիշկներին՝ երեխային այդ ծանր վիճակից դուրս բերելու համար»,- նշեց Հակոբյանը:

ՀՀ վարչապետի տիկինն անդրադառնալով երեխայի առաջին արձագանքին, երբ մտել է նրա սենյակ՝ ասաց, որ շատ լայն ժպտացել է, երբ տեսել է իր ձեռքի «Սարդ մարդուն»: Հակոբյանն ընդգծեց, որ նախապես իմացել էին, թե որ հերոսին է սիրում և որոշել էին առաջինը հենց դա նվիրել:

«Ես էլ շատ ուրախացա, երբ տեսա փոքրիկի լայն ժպիտը: Հաճելի է, երբ  երեխան հիվանդանոցում է, բուժում է ստանում, բայց ժպտում է քեզ: Մնացած նվերներից նույնպես ուրախացավ»,- ասաց Աննա Հակոբյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ