Դատարանը կքննի Գագիկ Ծառուկյանի մտերիմ Սեդրակ Առուստամյանի խափանման միջոցը

Ինչպես արդեն հայտնել ենք,  «Մուլտի Գրուպ» կոնցեռնը ղեկավարող Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է «Հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակում կեղծ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու և հարկերից չարամտորեն խուսափելու համար։

Առուստամյանը Գագիկ Ծառուկյանի մտերիմն է, ԲՀԿ-ական պատգամավոր Նորա Առուստամյանի հայրը։ Գործարարի պատգամավոր դստեր հետ, ով երեկ մասնակցում էր  ԲՀԿ-ական պատգամավոր  Քաջիկ Գևորգյանի հարսանիքին, մեզ կապ հաստատել չհաջողվեց։

Իսկ Առուստամյանի փաստաբան Դավիթ Մանթաշյանը  նշեց, որ գործի վերաբերյալ մեկնաբանություն չի տա։

«Այս պահին Ձեզ պիտի մերժեմ, որևէ տեղեկություն չեմ տա, քանի որ նախաքննությունը շարունակվում է։ Երբ հարմար կգտնենք, մամուլի ասուլիսով կտեղեկացնենք, բոլորդ կիմանաք»,-նշեց փաստաբանը։ Դատարանն այսօր կքննի Առուստամյանի՝ խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ  ըստ քննչական կոմիտեի՝ Սեդրակ Առուստամյանը, 2008-ից 2010 թվականներին Տրանսպորտի և կապի նախկին նախարարի պաշտոնը զբաղեցրած Գուրգեն Սարգսյանի և Սուրեն Ավագյանի հետ միասին, ղեկավարելով «Սթոնս» ընկերությունը, կեղծ գործարք է իրականացրել «Հյուսիս-հարավի» Թալին-Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարությամբ զբաղվող չինական կապալառու ընկերության հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ