«Դուք դռների տակ վնգստացող դատավորների ցուցակում կա՞ք, թե չկաք». Քոչարյանի պաշտպանը՝ դատավորին

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դատարանում հայտարարեց, որ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու դատարանի որոշումը բիրտ, բացահայտ, աննախադեպ ճնշումների ազդեցության տակ է կայացվել:

«Դատարանն այսպիսով դարձել է գործիք պարոն Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների համար: Այսօր դատարանը գործում է որպես գործադիր իշխանության գործիք: Դրա հիմնավորումները բազմիցս տրվել են, դա արդեն բացահայտ է արվում, չի թաքցում ոչ մեկի կողմից: Նախորդ դատական նիստից առաջ ձեր նկատմամբ կիրառված ճնշումներն ակնհայտորեն ցույց տվեցին, որ ձեզ զրկել են ձեր սեփական կամքից, և դուք հիմա այստեղ գործում եք ընդամենը դատարանի տեսքով, բայց ոչ բովանդակությամբ: Այստեղ բովանդակային առումով դատարան գոյություն չունի: Մեր պաշտպանյալը ՀՀ-ում զրկված է արդարադատության իրավունքից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ»,- ասաց Ալումայնը:

Ըստ նրա՝ դատարանի նկատմամբ հերթական ճնշումը գործադրելուց մեկի ժամանակ հանրապետության վարչապետը հայտարարել է, որ «դատական համակարգում գոյություն ունեն դռների տակ վնգստացող դատավորներ»:

«Այդ հանգամանքը իր հրապարակային ելույթներից մեկում հաստատել է նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռոբեն Վարդազարյանը: Մենք պատրաստվում ենք ձեզ միջնորդել, որպեսզի ինքնաբացարկ հայտնեք: Քանի որ պարոն Վարդազարյանն ասաց, որ այդ վնգստացող դատավորներին դատական համակարգում գիտեն, բայց հանրությունը կոնկրետ չգիտի ում մասին է խոսքը, ես այսօր համապատասխան նամակով դիմել եմ պարոն Վարդազարյանին, որպեսզի ինքը ինձ տրամադրի դռների տակ վնգստացող դատավորների ցուցակը: Բայց նախքան ինքը կհրապարակի, ես կուզեի  ձեզանից անձամբ իմանալ, հարգելի դատավոր, դուք անձամբ դռների տակ վնգստացող դատավորների ցուցակում կա՞ք, թե չկաք»,- գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին  հարցրեց Ալումյանը:

Դատավորը հայտարարեց, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմուքնի համար Ալումյանի նկատմամբ դատական սանկցիա են կիրառում:

«Ես հիշեցնեմ, որ դուք չէիք վիրավորվում, երբ այդ բանն ասում էր վարչապետը, վիրավորված լինելու նշաններ ցույց չեք տվել, երբ դա ասել է ԲԴԽ նախագահը: Ես ընդամենը կրկնում եմ իրենց խոսքերը»,- ասաց Ալումյանը:

Նա հայտարարեց, որ ինքնաբացարկի միջնոդրություն են ներկայացնելու, քանի որ դատավորն ի վիճակի չէ այս գործով իրականացնել արդարադատություն, քանի որ գտնվում է այն թևի ազդեցության տակ, որն այսօր քաղաքական հետապնդում է իրականացնում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Պաշտպանները դատարանից ժամանակ խնդրեցին՝ այս միջնորդությունը ներկայացնելու համար:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ