Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունները՝ կալանքի փոխարեն որպես խափանման միջոց ընտրել գրավը կամ ազատազրկման հետ կապ չունեցող այլ խափանման միջոց: Գրավի չափը թողել էին դատարանի հայեցողությանը:
Հիշեցնենք, թե ինչ ճանապարհ է անցել մինչ այժմ այս քրեական գործը: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ:
Երրորդ անգամ կալանավորվել էր հունիսի 25-ին. Վերաքննիչ քրեական դատարանը՝ Արմեն Համլետի Դանիելյանի նախագահությամբ, որոշել էր կալանավորել Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա և Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու մասին առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը՝ բեկանել, գործն ուղարկել նոր քննության։
Հուլիսի 8-ին Սահմանադրական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի վերաբերյալ որոշում էր կայացրել երեք հարցադրումներից երկուսը մերժել, իսկ մեկով՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի (ՀՀ սահմանադրական կարգը տապալելու)` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, ընդունել քննության:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կարծում են, որ այս որոշմամբ նա պետք է անհապաղ ազատվի կալանքից: Մինչդեռ մեղադրանքը պաշտպանող կողմը նշում է, որ ՍԴ որոշումն այդպիսի հիմք չի տալիս: