ԱԱԾ ղեկավարի հրաժարականից հետո պարզ դարձավ, որ բոլոր նրանք, ովքեր ինչ-որ գործընթացների էին սպասում, հիասթափված են

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը անհապաղ վերացնելու միջնորդությունը: Դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր հրապարակեց որոշման ներածական և եզրափակիչ մասերը:

Դատարանը խորհրդակցական սենյակ էր հեռացել սեպտեմբերի 12-ին, նույն օրը վերսկսվել էր Հայաստանի երկրորդ նախագահի և մյուս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաների գործով դատավարությունը: Քոչարյանի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել՝ կալանքից ազատ արձակել իրենց պաշտպանյալին՝ հիմնվելով Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ին հրապարակված որոշման վրա։

Նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս որոշմանը, ասաց. «Օրենքը չի կարող օրենք լինել, արդարադատությունն էլ՝ արդարադատություն, եթե դրանց հետևում կանգնած չեն դրանք կյանքի կոչող ուժեր ու անձինք, եթե դրանց հետևում կանգնած չեն վճռականություն, արդարություն, անաչառություն ունեցող ուժեր։ Այսօր դատարանի նկատմամբ մեր վստահությունը ծայրահեղ ընկած է, մարդիկ մտածում են՝ դատարանն անաչառություն չունի, քանի որ միշտ առևտրի միջոցով է հարցերի լուծման գնացել։ Բայց երբ ժողովուրդը տեսնում է, որ իրոք արդարադատություն է իրականացնում, սկսում է ցնծություն ապրել»։

Շարունակելով՝ Մալխասյանը նշեց. «Հայ ժողովուրդը միշտ էլ արդարությունն ու արդարադատությունը համարել է ամենաառաջնայինը։ Եթե այդ խնդիրը լուծվի, տնտեսական, սոցիալական ու մյուս բոլոր խնդիրները իրենք իրենցով կլուծվեն։ Հիմա մենք առաջին ծիլերն արդեն տեսնում ենք։ Այսքան խայտառակ փաստերի պայմաններում եթե դատարանը որոշում կայացներ փոխել Քոչարյանի խափանման միջոցը, ուրեմն նորից անվստահությունը կխորանար դատարանների հանդեպ։

Ես պարզել եմ՝ Բելգիայում ամենից շատ հարգված ու սիրված պաշտոնյաները ոստիկաններն ու դատավորներն են, ժողովուրդը նրանց անվերապահ աջակցում, վստահում ու սիրում է։ Ժողովուրդը նրանց մեջ է տեսնում իր անվտանգության երաշխավորին։ Եթե մենք էլ հասնենք նրան, որ մեզ մոտ ոստիկաններին ու դատավորներին սկսեն հարգել ու գնահատել, ուրեմն կհամարենք, որ մեր պետությունը լիարժեք կայացել է։ Հիմա մենք առաջին պտուղը տեսանք, ես այս կնոջ համարձակությունը գնահատում եմ ու ցանկանում եմ, որ նա այս դատը մինչև վերջ հասցնի իր հաղթական ավարտին»։

Նախկին քաղբանտարկյալը հավելեց. «Մեր ժողովուրդը վրեժի ծարավ չէ, երեկ էլ վարչապետն ասաց, որ մենք վրեժ չենք ուզում լուծել, մենք ուզում ենք իրավական պետություն կառուցել։ Այդ դեպքում մնացած բոլոր խնդիրները իրենք իրենցով կլուծվեն»։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը այս որոշումը կապում է սկսված բարեփոխումների հետ: «Նիկոլը վերադարձել է։ ԱԱԾ ղեկավարի հրաժարականից հետո պարզ դարձավ, որ բոլոր նրանք, ովքեր ինչ-որ գործընթացների էին սպասում, հիասթափված են։ Ես երեկվա ասուլիսի ժամանակ տեսա իրական Նիկոլին։ Արդարությունը վերականգնման պրոցեսում է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ Մակեյանը մտավախություն հայտնեց, որ հինգերորդ շարասյունը շարունակելու է ագրեսիվ գործընթացները, և որպես օրինակ բերեց Դաշնակցության հայտարարությունը. «Սուր պայքար է գնալու»։

Ըստ նրա՝ ԱԱԾ պետի փոփոխությունը և ուժային կառույցներում հնարավոր այլ փոփոխությունները կբերեն նրան, որ հեղափոխությունը իրական ու բովանդակային հաղթանակ տանի։

Նյութի աղբյուր՝ 1in.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ