«Եթե Մարտի 1-ը չբացահայտվի, մենք չենք կարող բացառել դրա որևէ կրկնություն»․ Ա․ Մուսինյան

ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը պատասխանեց լրագրողի հետևյալ հարցերին․

– Վստահ եմ՝ ծանոթ եք նաև 00-38 հրամանի վերաբերյալ հանգուցային դերակատարների նոր մեկնաբանություններին, թե ինչու և ինչ պայմաններում է այն ծնվել:

– Դա չի կարող որևէ այլ բացատրություն ունենալ, քան այն, որ իշխող վարչակարգը, խնդիր դնելով ճնշել բողոքի ձայնը և ամեն գնով պահպանել իշխանությունը, ըստ էության, տապալել է սահմանադրական կարգը, յուրացրել է իշխանությունը Հայաստանում: Սա այնպիսի մի ցցուն, աղաղակող օրինախախտում և հանցանք է, որ ինչքան էլ փորձեն մանիպուլացնել, շրջանցել ու պատճառաբանություններ գտնել, դա չի կարող արդարացում ունենալ:

– Վարկածներից մեկը, որը հակասականություն է պարունակում, այն էր, որ ԱԱԾ-ում ընդդիմության զենքի դիմելու մասին տվյալներ են եղել:

– Նախ՝ որևէ ընդդիմադիր չի դատապարտվել դրա համար, նույնիսկ իրենց շինծու քրեական գործերով, և երկրորդ՝ միշտ նման հանցանք գործողները պետք է փորձեն իրենց գործած հանցանքը քողարկել իբր թե այլ գործելիք կամ գործած հանցանքով, սա պարզունակ շահարկում է, մանիպուլյացիա, էժան հնարք՝ խուսափելու կատարած հանցանքի համար պատասխանատվությունից:

– Երկու հայտնի հանգուցային դերակատարներ այս քննությանը չեն մասնակացում, նրանք ռուսական հովանու ներքո են, դա ինչ-որ բան փոխո՞ւմ է բացահայտման ճանապարհին:

– Ես կարծում եմ, որ գործը բացահայտված է այն աստիճան, որ, ըստ էության, ամբողջ պատկերը տալիս է, թե ինչ հրեշավոր ոճիր է գործվել և՛ Հայաստան պետության, և՛ Հայաստանի հասարակության դեմ՝ 2008թ. փետրվարի 23-ից սկսած: Հիմա եթե մի մեղադրյալ կփորձի, կկարողանա ճողոպրել, մյուսը չի կարողանա, դա մեծ պատկերը չի փոխելու, կարևորը, որ այսօր գլխավոր դերակատարը և էլի մի քանի գլխավոր դերակատարներ մեղադրյալի աթոռին են:

– Եվ այլևս ոչինչ չի կարող կասեցնել Մարտի 1-ի գործի քննությունը…

– Կարծում եմ՝ հայաստանյան հասարակությունը և նաև իշխանությունը Մարտի 1-ի բացահայտումը պետք է համարեն իրենց պարտքը այս պետության առաջ: Եթե Մարտի 1-ը չբացահայտվի, մենք չենք կարող բացառել դրա որևէ կրկնություն: Մարտի 1-ի մեղավորները պետք է կրեն արժանի պատիժը, որպեսզի մեր երկրում այլևս նման բան տեղի չունենա:

Նյութի աղբյուր՝ 1in.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ