Մենք դեռ նախորդ տարվանից առաջարկել ենք, որ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը դառնան նախարարություններ. մեր փաստարկն այն է, որ առանց այդ էլ այդ մարմինների ղեկավարները թե հեղափոխությունից առաջ, թե հետո եղել են քաղաքական դարակատարներ, հետեւաբար, կարծում ենք, որ նրանց պետք է դարձնել քաղաքական պատասխանատուներ: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Այդ առաջարկը մերժվեց, որից հետո մենք հունիսի շրջանառության մեջ դրեցինք մեկ այլ նախագիծ, որով ասում էինք, որ քանի որ դեմ ենք այդ կառույցների նախարարություններ դառնալուն, ապա առաջարկում ենք հնարավորություն ստեղծել, որ ԱԱԾ-ի եւ ոստիկանության ղեկավարներին նշանակվեն ոչ այդ համակարգերից:
Այն դժգոհությունները, որ այդ կառույցները կոռուպցիայի դեմ պայքարը լավ չեն տանում, նախկիններին պատասխանատվության չեն ենթարկում, նաեւ այդ խնդիրը գալիս էր նրանից, որ վարչապետը կաշկանդված էր այդ մարմինների ղեկավար նշանակել այդ մարմինների կադրային ռեզերվից: Այսինքն վարչապետը չունի ազատություն նշանակել այնպիսի տեղից, որ որեւէ կաշկանդվածություն չունենա»,-ասաց Մարուքյանը:
Նա հավելեց, որ նախորդ իշխանությունների ժամանակ պաշտոն զբաղեցրածները, պարզ է, որ չէին կարող պայքարել նախկինների հանցագործությունների դեմ. «Պարզ է չէ, որ այդ մարդիկ կերել-խմել են նախորդ իշխանության հետ եւ բարդույթներ ունեն այդ մարդկանց բռնելու հետ կապված: Հո հաց ուտող ուրացող չե՞ն: Պետք է մի այլ տեղից մարդ նշանակվեր, որոնք կունենան տոտալ ազատություն իրավապահ համակարգը բարեփոխելու եւ կոռուպցիայի դեմ պայքարելու համար»:
Մարուքյանի խոսքով, հիմա, երբ առաջին ընթերցմամբ ընդունվել է իրենց նախագիծը, որով ԱԱԾ տնօրեն եւ ոստիկանապետ կարելի է նշանակել ոչ համակարգից, նախկին իշխանությունները վայնասուն են բարձրացրել. «Հիմա նախկինները վայնասուն են գցել, թե վայ, ժողովրդավարությունը քանդվեց, այլեւս վարչապետն ում ուզի կարող է նշանակել ոստիկանապետ: Իսկ կներեք, մինչեւ հիմա վարչապետը ում ուզել չի նշանակե՞լ ոստիկանապետ: Ասում են՝ նա կնշանակի ոստիկանապետ մեկին, որը կլինի իր թիմից: Սա ի՞նչ փաստարկ է, բա ո՞ւմ թիմից պետք է նշանակի: Այսինքն վարչապետը պետք է ոստիկանապետ նշանակի նախորդ ռեժիմի՞ց: Ուզում եք ձեր թիմից նշանակի ոստիկանապետ, որ ձեզ չբռնի՞:
Նաեւ ասում են, թե ոնց կարելի է 25 տարեկանին նշանակել ոստիկանապետ: Բայց նախորդ իշխանության օրոք ընդունած օրենքներով պաշտպանության նախարար կարող է նշանակվել 25 տարին լրացած քաղաքացին: Բա էդ ժամանակ ինչո՞ւ վայնասուն չէիք բարձրացնում, որ պատերազմ վարելու փորձ չունեցող 25 տարեկանին կնշանակեն Պնախարար:
Դուք սրանով ակնհայտորեն բացահայտում եք, որ սարսափելի անհանգիստ եք այդ մարմիններում նոր ռեֆորմների հետ կապված: Այս վայնասունով բացահայտում եք, որ լուրջ խնդիր ունեք: Անհանգստացած եք, որ նորերը կարող են ավելի խիստ պայքար մղել կոռուպցիայի դեմ: Թե չէ 1,5 տարում բացի մանվել Գրիգորյանից ուրիշ մարդ չկա նստած: Հիմա նոր Գագիկ Խաչատրյանին էլ են բտռնել, էն էլ սաղ օրը հիվանդանոցներում է: ՔԿՀ-ներում լիքը այդպիսի հիվանդներ կան, էդ ոնց եղավ, որ միայն Գագիկ Խաչատրյանն է գնում հիվանդանոց բուժվելու»,-հայտարարեց Մարուքյանը:
Նա նկատեց, որ նախորդ իշխանությունները քննադատում են իշխանություններին, որ իրենց մինչեւ հիմա չեն բռնել. «Ասում են՝ բա ասում էիք թալանչի ենք, ինչի՞ չեք բռնում: Հիմա եկել է ժամանակը, որ ձեզ բռնեն, հիմա էլ ասում եք՝ երկիրը քանդվեց: Ասում են՝ բա ինչի՞ չեն մեզ բռնում, շատ հետաքրքիր թալանչիներ են: Հարգելի նախկին իշխանություններ, երբ դուք որեւէ բանի դեմ եք խոսում, դրանով մեսիջ եք հղում, որ դա խիստ անհրաժեշտ է»:
Նյութի աղբյուր՝ News.am