«Մարտի 1-ի գործը բացահայտված է՝ մեր բանակը, մեր զինվորներին հրամայել են կրակել մեր տների վրա»․ Փաշինյան

«Այո´, Մարտի 1-ի գործը բացահայտված է։ Որովհետև ի՞նչ է բացահայտված։ Բացահայտված է, որ մեր բանակը՝ մեր զինվորներին, բերել են, կանգնեցրել են մեր պատուհանների տակ և հրամայել են կրակել մեր տների վրա, մեր զինվորներին։ Եվ հիմա փորձում են խուսափել դրա պատասխանատվությունից»։

Այս խոսքերով Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ասուլիսի ժամանակ հնչած այն հարցին, որ դեռ մեկ տարի առաջ ասածից հետո ինչպե՞ս է ստացվել, որ գործը դեռ բացահայտված չէ։ Վարչապետն ասաց, որ գործը բացահայտված է, բայց ոչ բոլոր մանրամասներն են պարզաբանված մինչև վերջ, քանի որ քննչական խմբի ղեկավարը կեղծել է ապացույցները։

Ըստ Փաշինյանի՝ տեղում կրակած փամփուշտները փոխարինվել են այլ տեղում հաջորդ օրը կրակված փամփուշտներով, իսկ հիմա քննչական խմբի նախկին ղեկավարը փախուստի է դիմել և թաքնվում է քննությունից։

«Մարտի 1-ի գործը, այո´, բացահայտված է, որովհետև մեր զինվորներին, որպես վարձկան, օգտագործել են մեր դեմ։ Եվ նրանց վճարման այլընտրանքային համակարգ են ստեղծել։ Օլիգարխներից, կամ չգիտեմ, տարբեր տեղերից հավաքած փողերով վճարել են։ Այսինքն՝ մեր զինվորներին մեր երկրում դարձրել են մեր դեմ վարձկան։ Սա է Մարտի 1-ի էությունը»,- ասաց Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ