Սուրբ Հովհաննես մատուռի հրաշագործ ուժն ու մատուռ տանող բարդ ճանապարհը

«2157 մետր բարձրության վրա գտնվող Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի մասին պտտվող լեգենդներն ու պատմվող պատմություններն օր օրի ավելանում ու ձնագնդիկի էֆեկտով մեծանում են: Սրբի հրաշագործ ուժի, իրականացված նպատակների, բուժված հիվանդների ու հղիացած կանանց մասին պատմությունները շատ են: Մարդկանց հոսքը մատուռ չի դադարում, գալիս են տարբեր մարզերից ու համայնքներից: Տեղացիները վստահեցնում են՝ եթե հավատքով են գալիս, երազանքներն ու ցանկություններն իրականանում են:

Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի Ճգնավոր լեռան (2197մ) կատարին՝ Փամբակի լեռնաշղթայի անմատչելի բարձունքներից մեկի վրա։ Մատուռը կառուցվել է 1958թ-ին՝ այն տեղում, որտեղ ամփոփված է Սուրբ Հովհաննեսի աճյունը: Մատուռ հասնելու համար սարն ի վեր մոտ 3 կմ ճանապարհ պետք է ոտքով հաղթահարել:

Հասնում ես սարի լանջին, հիշում նվիրական նպատակներիդ մասին ու առաջ ես շարժվում: Առաջին մի քանի հարյուր մետրը լուռ բարձրանում ես՝ մտքումդ խոսելով Աստծո հետ: Քիչ-քիչ շնչառությունդ արագանում է, քայլերդ՝ դանդաղում: Մոտակա հարմար քարին հասնելով՝ ուզում ես մի քանի րոպե շունչ քաշել:

Ճանապարհը դժվար է, բայց հեշտ է գտնելը, չես մոլորվի, քանի որ ճանապարհին մենակ չես: Մատուռ տանող ճանապարհը գրեթե միշտ մարդաշատ է լինում: Մարդիկ գալիս են մենակ, խմբերով, հիվանդ ու օգնության կարիք ունեցող հարազատների հետ: Ճանապարհին հանդիպող մարդկանց առաջին հարցը մեկն է՝ «Շատ կա՞ դեռ, որ հասնենք»:

«Այո՛,  հասնում եք այն բարձր կետին, դրանից հետո էլի 1.5 կիլոմետր վերև եք բարձրանում ու կհասնեք»:

Հոգնած ու արևից արդեն կարմրած դեմքով շնորհակալություն են հայտնում, նպատակների իրականացում մաղթում միմյանց ու առաջ շարժվում:

Ճանապարհի կեսերին միայն մի ծառ կա, որի շվաքին գրեթե բոլորն են նստում՝ շունչ առնելու համար: Տպավորություն է, որ Աստված բնության միջոցով փորձել է վեր բարձրացող հավատացյալներին օգնել, բայց այդ նվերը մարդիկ «երազանքի» ծառ են սարքել՝ ծառից կախելով գուլպաներ, ներքնաշոր, նույնիսկ գոտի:

Սրբատեղին հասնելու համար պահանջվում է 1-1.5 ժամ:

Երբ արդեն ճանապարհի կեսն անցնում ես, հեռվից երևում են խաչքարերը: Հավաքում ես վերջին ուժերդ ու վերջին դժվարությունն էլ հաղթահարելով՝ հասնում լեռան գագաթ: Լեռան բարձունքում՝ խաչքարերի պուրակի մեջ, պաշտպանված ու խրոխտ կանգնած է սպիտակ սրբատեղին:

Մինչ ներս մտնելն անթիվ, անհամար խաչքարերն աչք են ծակում: Խաչքարերից յուրաքանչյուրը մի պատմություն ունի: Ասում են՝ սրբատեղի այցելած հավատացյալները, որոնց երազանքները կատարվել են, որպես շնորհակալություն, մի խաչքար են կանգնեցրել՝ սկսած 2005թ-ից: Մատուռի տարածքում 200-ից ավելի խաչքար կա տեղադրված: Վերջինը տեղադրում էին մեր այցելության օրը՝ օգոստոսի 15-ին:

Մատուռի դռան դիմաց վաճառասեղաններ են դրված՝ մոմ ու այլ հուշանվերներ են վաճառում (հաջորդիվ կանդրադառնամ նաև մատուռի տարածքում ծավալվող բիզնեսին): Մատուռի ներսում մոմ վառելու համար նախատեսված 5 փոքր սեղանիկներ են տեղադրված: Բազմաթիվ վառված մոմերի արանքում՝ հալված մոմերի վրա, հազիվ կարողանում ես տեղ գտնել մոմ տեղադրելու համար: Ներսում խաչքարերի չափ, կամ գուցե ավելի, խաչեր ու սրբապատկերներ են տեղադրված:

Հավատացյալները ներսում վառում են մոմերը, աղոթում ու վերջում էլ 3 կամ 7 անգամ պտտվում մատուռի շուրջբոլորը:

Թեթևացած հոգով ու մեծ հույսերով լցված հավատացյալները հետ են դառնում 20-30 րոպեում, կարծես 1.5 ժամում հաղթահարած քարքարոտ ու բարդ ճանապարհն արդեն հարթ ու ուղիղ է դարձել: «Դեպի Աստված տանող ճանապարհը բարդ է, բայց երբ հավատքիդ օգնությամբ հաղթահարում ես, սուրբն ինքն է քեզ ճանապարհում»,- մեկնաբանում են հավատացյալները»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ