Նա գիտի Քոչարյանի բոլոր գաղտնիքները: Ինչն է անհանգստացրել Արմեն Գեւորգյանին

Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հոդված է հրապարակել, որն առնչվում է իհարկե ոչ մարտիմեկյան հայտնի գործի դատավարությանը, որով նա անցնում է որպես մեղադրյալ՝ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի հետ մեկտեղ: Գեւորգյանի հոդվածը վերաբերում է անշարժ գույքի գնահատման նոր օրինագծին, որ օրերս քննարկվել է խորհրդարանում:

Արմեն Գեւորգյանն այն համարում է վտանգավոր, հայտարարելով, որ նոր մոտեցումը կփլուզի անշարժ գույքի շուկան:

Եթե դատենք Արմեն Գեւորգյանի մասին մամուլի հրապարակումներից, ապա անշարժ գույքի շուկայի վերաբերյալ նրա կարծիքը կարող է դիտվել փորձագիտական: Բանն այն է, որ մամուլը տարիներ շարունակ տարբեր անանուն աղբյուրների հղումներով Արմեն Գեւորգյանին է վերագրել Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին կապիտալ շինարարության բաժնեմասեր: Ինքը Գեւորգյանը հերքել է այդ տեղեկությունները:

Արմեն Գեւորգյանը հեղափոխությունից հետո սկսել է հաճախ հրապարակել հոդվածներ կառավարման, տնտեսական տարբեր հարցերի վերաբերյալ: Մի կողմ թողնելով նախկին համակարգը ներկայացնող պաշտոնյաների վերաբերյալ հանրային տարբեր շերտերի հիմնականում մերժողական գնահատականը, հարկ է արձանագրել, որ ինքնին երեւույթը, երբ նախկին պաշտոնյաները հրապարակում են պետական կառավարմանն առնչվող հոդվածներ, ողջունելի է:

Այլ հարց է իհարկե, որ նախկին իշխանության հանդեպ վերաբերմունքը ներկայում չի ստեղծում անհրաժեշտ նախադրյալ, որպեսզի հանրությունը զգալի մասով խորամուխ լինի գրվածի բովանդակության մեջ, եւ ավելի մեծ է արձագանքը ոչ թե գրվածի, այլ գրողի առումով:

Եվ այդ իրողությունը թերեւս ցուցիչ է, թե ինչպիսի իշխանություն իշխանություն չպետք է լինել, հետագայում որպես ընդդիմություն հանրային ինչպիսի արձագանքի չարժանանալու համար:

Ընդ որում, դա խորհելու առիթ պետք է լինի ներկայիս իշխանության համար, որն անշուշտ գերծանրաբեռնված է նախկին այդ իշխանության թողած խորքային բարդ խնդիրների լուծում փնտրելով: Որովհետեւ այդ լուծումները պետք է փնտրել նաեւ հանրության հետ ոչ միայն զուտ հանրային-հաղորդակցային-հեղափոխական, այլ նաեւ մասնագիտական, ինտելեկտուալ երկխոսությամբ:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ