«Լավ է, շատ հունից դուրս չեկա, մի հատ խփեցի, ավելի բեթարն եմ անելու»․ Վաչագան Ֆարմանյան

«Ազգային համաձայնություն» կուսակցության հիմնադիր Արամ Հարությունյանն այսօր «Հայելի» ակումբում անդրադարձավ երեկ Շենգավիթի դատարանի մոտ տեղի ունեցած միջադեպին: Երեկ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի ավարտից հետո, դատարանի տարածքից դուրս, Արամ Հարությունյանը հարվածել էր մի տարեց կնոջ՝ Սվետլանա Միքայելյանին, իր պնդմամբ, իրեն «թուրք» անվանելու համար:

Հետո, երբ ոստիկանները Հարությունյանին հեռացնում էին եւ փորձում նստեցնել ոստիկանական մեքենան, մի խումբ քաղաքացիներ էին մոտեցել նրան, այդ թվում Մարտի 1-ի զոհերից՝ Արմեն Ֆարմանյանի եւ Գոռ Քլոյանի հայրերը, Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը հարվածել էր Հարությունյանին:

Արամ Հարությունյանն այսօր ասուլիսին խոսելով միջադեպի մասին, մասնավորապես այդ տարեց կնոջ մասին, ասաց. «Եվ տղամարդիկ եւ կանայք վատ արտահայտություններ էին անում, ասում՝ թուրք, ու ավելի վատ բաներ: Մեր հետեւից էին գալիս, ու երբ մոտեցան հավասարվեցին մեզ, մեկն ասաց՝ թուրք, բալիդ թաղեմ, ու ինձ համար արդեն սահմանն անց էր:

Եվ ես հարվածեցի: Խնդիրն այն է, որ այս ամբողջ կեղտը կա ֆեյսբուքում, այս տարիքով կինը, բնականաբար ֆեյսբուքից չի օգտվում, բայց կարելի է ասել, որ ինքը Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլ Փաշինյանի քայլող ֆեյքերից է: Եվ այդ հարվածը, որի համար, որպես կին, ես ցավում եմ, բայց մյուս կողմից էլ այդ հարվածը դիտում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Նիկոլ Փաշինյանին ուղղված: Գեղեցիկ չստացվեց, որ հարվածը ստացավ այդ կինը, բայց նման կարգի մարդիկ, անկախ սեռից, պիտի հասկանան, որ կստանան արժանի պատասխան»:

Ապա Հարությունյանն ասաց. «Ես ուղղակի ցավում եմ, ես հորդորում եմ, ես ներում եմ Ֆարմանյանին, որովհետեւ, չեմ ուզում վատ բան ասել, իրենք օգտագործվում են Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլ Փաշինյանի կողմից: Նույն Ֆարմանյանը օգտագործվում է, շատ ներողություն, ի վերջո, վերեւից իրենց զավակները նայում են, շատ մարդ գիտի, ինչ է եղել…»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ