ՍԴ-ն հրապարակել է դատավորներ Արմեն Դիլանյանի և Ֆելիքս Թոխյանի հատուկ կարծիքները՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ

ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա կայացված որոշումների վերաբերյալ ՍԴ դատավորներ Արմեն Դիլանյանի և Ֆելիքս Թոխյանի ներկայացրած հատուկ կարծիքները։

Դատավոր Արմեն Դիլանյանը նշում է, որ իր կարծիքով՝ «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը ենթակա է եղել կարճման։

ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը ևս հատուկ կարծիք է արտահայտել: «Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի՝ օրենսդրական բացի առկայությամբ պայմանավորված՝ հակասահմանադրականությանը, ապա կարծում եմ՝ առկա են իրավական բոլոր հիմքերը գործի վարույթը այդ մասով կարճելու համար»,- նշել է դատավորը։

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4-ին հրապարակած որոշմամբ՝ Սահմանադրության որոշ հոդվածներին հակասող էր համարել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, ինչի վրա հիմնվելով՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերացնելու երկրորդ նախագահի խափանման միջոց կալանավորումը և դադարեցնելու քրեական հետապնդումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ