Սեյրան Օհանյանի խոշոր բացահայտումը. ինչ է կատարվել Մարտի 1-ից հետո

Սեյրան Օհանյանը մարտիմեկյան դատավարության ընթացքում պատրաստվում է տալ անուններ, այդ թվում մարդկանց, որոնք տեղեկատվա-քարոզչական արշավ էին սկսել իր եւ տիկնոջ դեմ, երբ Օհանյանը պաշտպանության նախարար էր: Այդ տեղեկությունը հրապարակել է Իրատես պարբերականը, հղում անելով իր անանուն աղբյուրին:

Սեյրան Օհանյանը դատավարությանը մասնակցում է մեղադրյալի կարգավիճակով: Նրանից բացի այդ կարգավիճակն ունեն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը եւ Ռոբերտ Քոչարյանի նախկին օգնական, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

Այն, որ դատավարությունն աննախադեպ է ու պատմական, եւ ընդգրկելու է Հայաստանի հետանակախական շրջանի գրեթե բոլոր առանցքային դերակատարներին, այդ թվում բոլոր նախկին նախագահներին, անկասկած է: Առավել եւս, որ ինչպես նույնիսկ վարչապետ Փաշինյանն իր 2019-ի մարտի 1-ի ուղերձում էր նշել՝ Մարտի 1-ը մեկ օրում կամ տարում զարգացած իրադարձություն չէր, այլ քաղաքականբ բռնաճնշումների տարիներ շարունակ եղած իրողությունների հետեւանք:

Այդ իմաստով, դատավարությունն իրապես լինելու է նախկին իշխող համակարգի «մեծ առերեսում»: Սեյրան Օհանյանն այդ համատեքստում առնչվում է այդ համակարգի եւ Հայաստանի համար իրապես բախտորոշ մի շրջանի: Ի դեպ, այդ իմաստով թերեւս որոշակի դեր ունի նաեւ Յուրի Խաչատուրովը, որն այդ շրջանում ԶՈՒ գլխավոր շտաբի պետն էր, եւ մամուլում պարբերաբար հայտնվում էին տեղեկություններ այն մասին, որ Խաչատուրովի եւ Օհանյանի միջեւ կար անվստահություն, ինչը բերում էր թե ոլորտային, թե ներիշխանական համակարգային հետեւանքների:

Ի վերջո խոսուն էր, որ Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմից հետո զինված ուժերից նրանց հեռացրեց համատեղ: Կլինի՞ Սեյրան Օհանյանի հայտարարությունների մեջ որեւէ բան Յուրի Խաչատուրովի մասին, թե՞ այդ իմաստով ներկայում կգործի «մեղադրյալական սոլիդարությունը»:

Միեւնույն ժամանակ, Սեյրան Օհանյան գործոնի ընդգրկման առումով այն ժամանակ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ բաժանարար գծի առկայությունը դրվագ է շատ ավելի լայն շրջանակում:

2014-16 թվականներին հայկական բանակը, պաշտպանության նախարարությունը գործնականում դարձել էր Հայաստանի ռազմա-քաղաքական սուբյեկտության ծանրության գրեթե միակ կենտրոնը, լինելով ուժային համաշխարհային կենտրոնների մեծ ուշադրության առարկա, դե ֆակտո գրեթե փոխարինելով արտաքին գործերի նախարարությանը: Զուգահեռ, այդ տարիներին թե ռազմական, թե քաղաքական տիրույթում ծավալվում էին Հայաստանի համար ճակատագրական զարգացումներ՝ արտաքին-անվտանգային ձեւաչափերի ընտրության, ներքին համակարգային վերադասավորումների եւ իշխանության համար պայքարի ուղեկցությամբ:

Այդ շրջանում մի կողմից գերբարձր դիրքում հայտնվեց Սեյրան Օհանյանը՝ որպես գործոն, եւ մյուս կողմից ուժգնացավ նրա դեմ, նրա տիկնոջ գործունեության առիթով ուժգնացած տեղեկատվա-քարոզչական արշավը: Աներկբա է, որ այն շոշափելի հարված էր Սեյրան Օհանյան քաղաքական եւ գուցե նույնիսկ ռազմա-քաղաքական ձեւավորվող գործոնին: Թերեւս աներկբա է, որ չլիներ այդ հարվածը, մեծ էր Հայաստանում ներքին եւ արտաքին իրողությունների համախառն արտահայտությամբ այլ ընթացքի հավանականությունը, ինչն էլ մեծ հավանականությամբ իր ազդեցությունը կթողներ Հայաստանում իշխանության խնդրի 2017-18 փուլի հանգուցալուծման սցենարային տարբերակների վրա:

Անկասկած, խոսքը լոկ նախկին նախարարի հանդեպ անձնական բնույթի արշավի մասին չէ, եւ այդ իմաստով հնարավոր հայտարարությունները միայն առերեւույթ կարող են թողնել այդպիսի առնչության տպավորություն, խորքային իմաստով վերաբերելով Հայաստանի շուրջ լրջագույն զարգացումների հնարավոր բացահայտման:

Կհաստատի՞ նախկին նախարարը աղմկոտ հայտարարությունների մտադրության մասին տեղեկությունը, թե՞ այդ հայտարարությունները կախված են դատավարության ընթացքից:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ