Ռոբերտ Քոչարյանն «իր խմբով» դատվում է, իսկ այս մարդկանց փրկիչն ասում է՝ ծանուցագիրն ուշ եմ ստացել․

«Հայկական ժամանակում» կարդում եմ. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կրկին հարցաքննության է կանչել Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին»:

Ինչո՞ւ են կրկին կանչել տեսնես. մեկ անգամ կանչելով չե՞ն կարողացել պարոն Բալասանյանի շնորհիվ բացահայտել, թե ովքեր են իրականում կրակել 2008-ի մարտի 1-ին։

Ոչ, ոչ։ Պարզապես ՀՔԾ մամուլի քարտուղարը «ՀԺ»-ի հարցմանն ի պատասխան պարզաբանել է. «Մարտի 1-ի քրեական գործով հարցաքննության կանչելու նպատակով Արցախի Հանրապետության ոստիկանության միջոցով ծանուցագիր էր ուղարկվել Վ. Բալասանյանին, սակայն դրանից հետո ստացվել էր Վ. Բալասանյանի դիմումը, որով վերջինս հայտնել էր, որ ծանուցագիրը` դրանում նշված հարցաքննության ներկայանալու ժամկետից ուշ է ստացել»։

Հնարավոր է։ Չնայած՝ մի քիչ էլ զարմանալի է։ Այս մարդը տասը տարի շարունակ տեղյակ էր, թե ովքեր են կրակել Մարտի 1-ին, տասը տարի հետո վերջապես քաջաբար բարձրաձայնել էր դրա մասին, եւ հիմա, երբ բոլոր լրատվամիջոցներն ավետում էին, որ վերջապես Վիտալի Բալասանյանն օգնելու է բացահայտել, թե ովքեր են իրական մարդասպանները, եւ որ ՀՔԾ-ն կանչել է նրան հարցաքննության, մեկ էլ ու՝ այս նույն Բալասանյանը, որ հանուն ճշմարտության բացահայտման, հանուն արդարադատության հաղթանակի, թվում է, չպետք է նստեր ու սպասեր ծանուցագրի «ժամանմանը», այլ պետք է անհապաղ սլանար Երեւան, պարզվում է՝ նստել ու սպասել է ծանուցագրին, սա էլ, հակառակի պես՝ ուշացել է։

Դե, զարմանանք ու անցնենք առաջ։

Ի՞նչ էր ասել պարոն Բալասանյանը, որ ՀՔԾ-ն որոշեց հարցաքննության կանչել նրան։

Հիշենք միասին։ Ասել էր. «Ցույց տվեք մի դեպք, որ բանակը կրակել է: Խոսում են, թե գեներալները եկել են, հրամաններ են տվել, գեներալները կրակել են, 60 հոգի են առանձնացրել… Ի՞նչ է նշանակում ժողովրդի վրա են կրակել: Ժողովրդի վրա կրակել է Լևոն Տեր-Պետրոսյանն իր խմբով: Կգա ժամանակը, ես էլ տեղյակ եմ մարտի 1-ի դեպքերից, ես էլ ինֆորմացիաներ ունեմ՝ ինչ է կատարվել: Րոպե առաջ պետք է այդ երևույթին գնահատական տալ, և ազատության մեջ լինի Ռոբերտ Քոչարյանը»:

Վաղն սկսվում է դատավարությունը, եւ դատարանում, անշուշտ, կփորձեն «ցույց տալ» այն «դեպքը», երբ «բանակը կրակել է»։ Վիտալի Բալասանյանն այլ կարծիքի է՝ դատարանում չգիտեն, թե կրակողներն ովքեր են, իսկ ինքն ահա՛ քաջատեղյակ է. «Ժողովրդի վրա կրակել է Լևոն Տեր-Պետրոսյանն իր խմբով»։

Ոնց որ թե շատ հոդաբաշխ նախադասություն է, չէ՞։

Շարունակենք զարմանալ։

Արցախի հերոսը տասը տարի գիտեր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն է կրակել «իր խմբով»։ Տասը տարի լռել է, չնայած հերոս է։ Հիմա էլ «անմեղ» Ռոբերտ Քոչարյանն «իր խմբով» դատվում է, իսկ այս մարդկանց փրկիչն ասում է՝ ծանուցագիրն ուշ եմ ստացել։

Բա եղա՞վ, պարոն Բալասանյան։ Եկեք վերջապես, եկեք ճշմարտությունը շպպացրեք «վրեժխնդրությունից կուրացածներիս» դեմքերին, ոչ թե «անպատշաճ» ծանուցագիրը պատճառ բռնեք՝ մեղայականն էլ ՀՔԾ-ին ուղարկած դիմումին կցելով։

Կասեք՝ ի՞նչ մեղայական։

Այս դեպքում արդեն զարմանքը քիչ է, կարելի է նաեւ ապշահարվել ակնհայտորեն «հերոսական բացահայտումից» հրաժարվելու համար։

Ահավասիկ։

ՀՔԾ մամուլի քարտուղարը նաեւ հայտնել է «ՀԺ»-ին. «Միաժամանակ նույն դիմումով հայտնել էր (Վիտալի Բալասանյանը – Լ.Ճ.), որ 2008 թ.ի մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների ժամանակ անձամբ Երեւանում չի գտնվել, եւ այդ օրերին տեղի ունեցած իրադարձությունների մասին իր տվյալները սահմանափակվել են այնքանով, որքանով որ դրանք հասանելի են եղել հասարակության լայն շրջանակներին եւ տարածվել ԶԼՄ-ների միջոցով»։

Հասկացա՞ք, հարգելի ընթերցողներ։ Վիտալի Բալասանյանի «տվյալները սահմանափակվել են այնքանով, որքանով որ դրանք հասանելի են եղել հասարակության լայն շրջանակներին եւ տարածվել ԶԼՄ-ների միջոցով»։ Ոնց որ թե այլեւս վստահ չի, որ կրակողները եղել են Լեւոն Տեր-Պետրոսյանն ու «իր խումբը»։

Թե՞ էն գլխից գիտեր, որ ստում է, բայցեւ վստահ էր, որ ինքն անքննելի ու անձեռնմխելի է, որովհետեւ հերոս է։

Տխրե՞նք, որ այսպիսի հերոս ունենք, թե՞ այնուամենայնիվ հույսներս չկտրենք, որ ՀՔԾ-ի հաջորդ ծանուցագիրը ժամանակին կհասնի պարոն Բալասանյանին, նա վերջապես կժամանի Երեւան, եւ հերոսի անխոցելի բացահայտումների շնորհիվ «րոպե առաջ» գնահատական կտանք «այդ երեւույթին», Ռոբերտ Քոչարյանն ու «իր խումբն» էլ «ազատության մեջ» կլինեն։

Թե չէ կասկածն սկսում է հոգիս կրծել, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն էնքա՛ն էլ չի ուզում, որ Քոչարյանը «ազատության մեջ լինի»։

Նյութի աղբյուր՝ ILur.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ