Փոխելով դատական համակարգը, ամբողջ հակահեղափոխությունը ուրվականի նման վերադառնում է իր վաղուց փորված ու հողված գերեզմանը…

Հեղափոխության արժեքներն այս օրերին, ինչպես ասում են, աննախադեպ թիրախային հարձակումների տակ են։ Ամբողջ ռեւանշիստական շարժումն ակտիվացել է, Միքայել Մինասյանն է դուրս եկել ջրի երես, գրոհում են առանց շունչ քաշելու։ Ամուլսարը դարձել է այն առագաստը, որի շուրջ բոլորը հավաքվել են այս իշխանությանը խփելու համար։ Նույնիսկ Ղարաբաղի հարցին են մոտենում Ամուլսարի միջոցով։ Կարծես այս սարը բոլոր խնդիրների արծարծման պաշտոնական հովանավորը լինի։

Իրականում ի՞նչ է կատարվում։ Մոտենում է մարտի 1-ի դատը, որը նախկինների բազմաթիվ կեղտեր ու հանցանքներ է հանելու ջրի երես։ Ինչ-որ կերպ դա պետք է խլացվի։ Սա ինչ-որ խրախճանքի է նման, որտեղ բոլորը գերագույն հաճույք են ստանում ատամներ ցույց տալուց։ Բոլոր մեռելները դուրս են եկել ջրի երես ու զարմանալիորեն «ասելիք» ունեն։ Աստված գիտի, թե ինչ կազմակերպություն արդեն իշխանություններին մեղադրում է հեռուստաընկերություն խլելու համար։ Ինչու՞։ Ոչ թե որ սրանք էլ մի բարի պտուղ չեն, այլ որպեսզի բոլորը տեսնեն, որ ոչինչ չի փոխվել։

Սրանք բառի բուն իմաստով ռեւանշի են պատրաստվում. գլխավորը, որ ժողովուրդը հասկանա՝ ոչ մի տարբերություն չկա, թե ով կգա իշխանության։ Դեռեւս այդքան էլ վատ չէ ամեն ինչ։ Խուճապի կարիք չկա։

Բայց ամենամեծ վտանգը նախկինների գրոհն է տարբերության զգացողության վրա։ Որովհետեւ իրենք պիտի կարողանան տարբերությունն ապականել։ Ամուլսարի ու սոցիալական բարեկեցության վրա նրանք թքած ունեն։ Նրանք թքած ունեն Ղարաբաղի հարցի ու կոռուպցիայի վրա։ Նրանք թքած ունեն նույնիսկ Հանրապետականի ու Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ ատելության վրա։ Գլխավորը, որ ժողովուրդը տարբերության զգացողությունը կորցնի։ Ահա ինչու կայքերում հաճախ կարելի է հանդիպել մարդկանց բողոքների, թե՝ մենք ինչի՞ համար արեցինք հեղափոխությունը։ Այսինքն, տարբերությունը ո՞րն է։

Այսօր սկսվում է Ռոբերտ Քոչարյանի դատը։ Երեւանում բողոքի գործողություններ թեժացնողները (ոմանք իրենց կամքից անկախ) դառնալու են հակահեղափոխության խարույկի շուրջ պար բռնողներ, որոնք իրենց առանձնապես հաշիվ չեն տալիս, թե ով է փորձում կրակից շագանակներ հանել։ Իսկ հանողներն առայժմ կրակ են թեժացնում եւ ավելի ու ավելի շատ փորձում ներգրավել «կրակապաշտներին»։ Ո՞վ չի հրաժարվի խրախճանքից։ Ոմանց համար այդ խրախճանքը կարող է թվալ հեղափոխության երկրորդ ալիք, ոմանք միայն ձեռքերն են տաքացնում կրակի մոտ, բայց ոչ մեկին չի թույլատրվելու հեռանալ կրակի մոտից։ Ավելին, սա պետք է արտահանվի։ Ավելի հարմար առի՞թ։

Իսկ ի՞նչ պիտի անի իշխանությունը։ Ամեն ինչ ավելի պարզ է՝ արագացնել բարեփոխումները, հատկապես դատական։ Այդ համակարգը ռեւանշիստների խրամատն է, որտեղից պատրաստվում են վճռական գրոհի։ Փոխելով դատական համակարգը, ամբողջ հակահեղափոխությունը ուրվականի նման վերադառնում է իր վաղուց փորված ու հողված գերեզմանը։

Նյութի աղբյուր՝ ILur.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ