«Ինձ առաջարկում են դատել նրա համար, որ պատշաճ մարմինները գործը չեն բացահայտել». Քոչարյան

Ստիպված եմ հայտարարություն անել, քանի որ ելույթներում ինձ հասցեագրված հարցադրումներ կային։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, «Մարտի 1»-ի գործով դատավարության ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Պարոն Քլոյանը հետաքրքիր բան ասաց՝ պետք է գոնե ձեւական մեկին պատժել։ Այդ մեկը ես եմ, քանի որ գործը բացահայտված չէ։ Ես «Մարտի մեկի» դեպքերից հետո աշխատել եմ մեկ ամսից մի քիչ ավելի, Մարտի մեկի գործը բացահայտելը երբեք չի եղել իմ լիազորությունների շրջանակներում, ես ընդհանրապես գործին խառնվելու հնարավորություն չեմ ունեցել, եթե պարոն Քլոյանը դրանով է մտահոգված, առաջին հերթին պետք է հարցնի իր կողքը նստած դատախազներին եւ եթե պետք է մարդ դատվի գործը չբացահայտելու համար, ապա առաջին հերթին պետք է դատվի գլխավոր դատախազը, կամ վարույթն իրականացնող դատախազը, կամ Քննչական մարմինները, որոնք պարտավոր էին բացահայտել գործը»,–նշել է նա։

Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ՝ տուժողներին փաստաբանները գիտակցաբար չեն բացատրել գործի մասին որոշ մանրամասներ. «Ինձ առաջարկում են դատել նրա համար, որ գործը պատշաճ չեն բացահայտել, ինձ համար սա վիրավորական է նաեւ այն պատճառով, որ փաստբաներն աշխատում են այդ մարդկանց հետ, կարող են բացատրել, որ դա այդպես չէ, իմ տպավորությամբ սովորեցնում են իրենք, որ հանրային առումով տպավորություն լինի, որ մեղավորը ես եմ։ Տիգրան Աբգարյանի մայրը ակնհայտ չի տիրապետում գործի նյութերին, ասաց այնպիսի բաներ, որոնք կապ չունեն գործի հետ, եւ իր մոտ նստած փաստաբան Սեդա Սաֆարյանը գիտակցաբար չի բացատրել նրան»։

Երկրորդ նախագահը նշեց՝ այդ մարդկանց մոլորության մեջ է գցել ՀՔԾ պետը. «Ես իբրեւ հայտարարել եմ, որ կա զոհ, սակայն դա եղել է ոչ թե իմ, այլ ՀՔԾ պետի հայտարարությունը, ես մամուլի ասուլիսին ասել եմ, որ կան ծանր վիրավորներ»։

Ռոբերտ Քոչարյանը շեշտում է՝ որեւէ քայլ չի արվել քննչական մարմինների կողմից պարզելու, թե ով է քաղաքապետարանից մարդկանց տարել Լեոյի փողոց. «Ասում էին, որ ցուցարարներ չկային Լեոյի փողոցում, ցուցարարներ կային եւ դրա մասին վկայող բազմաթիվ ցուցմունքներ կան։ Մարդիկ ասում էին, որ կրակել են հենց ցուցարարների կողմից։ Հանրահավաքը եղել է քաղաքապատերանի դիմաց, իսկ բախումները եղել են Լեոյի փողոցում։

Որեւէ քայլ չի արվել քննչական մարմինների կողմից պարզելու, թե ով է քաղաքապետարանից այդ մարդկանց տարել Լեոյի փողոց, որեւէ մեկին չեն հարցրել։ Հակառակը գործը նյութերում տվյալ կա, որ Ներքին գործերի հրամանատարությունը սնայպերին հրավիրել է նրա համար, որ չեզոքացնի Տիգրան Աբգարյանին կրակողին։Եթե Աբգարյանի մայրն ուզում է իմանալ ճշմարտությունը, մենք գործի նյութերից այդ դրվագի վերաբերյալ փաթեթ կտրամադրեն տիկին Աբգարյանին»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ