«2.5 ամիս սպասել եմ, թե երբ է քննվելու կալանքի հարցը». Ռոբերտ Քոչարյանը՝ դատարանին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում րոպեներ առաջ մեկնարկեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վերաբերյալ Մարտի 1-ից անջատված մասով գործի քննությունը:

Այս գործով կալանքի տակ գտնվող միակ ամբաստանյալը՝ Ռոբերտ Քոչարյանը, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից բերվել է դատարան: Դատարան են եկել նաև ազատության մեջ գտնվող ամբաստանյալներ Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը: Վերջինս դատարան եկավ բարձր տրամադրությամբ, ժպիտով, նշեց, որ հարցերի չի ցանկանում պատասխանել:

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ դատարանից ակնկալում է արդարություն: Գեներալ Յուրի Խաչատուրովը լրագրողների հարցերին չպատասխանեց:

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են 2008-ի նախագահական ընտրություններին հաջորդող օրերին Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու կամ տապալելուն օժանդակելու կամ փողերի լվացման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ