«Եթե 50․000-ով ավելացել են գրանցված աշխատողները, որտե՞ղ են նրանց վճարած 1000 դրամները» ․ Փաշինյանը պատասխանեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարել էր, որ ստվերից դուրս է բերվել 50 հազար աշխատատեղ, իսկ ՊԵԿ նախագահն այսօր հայտնեց, որ այդ թիվը հասել է 63 հազարի։ Որտե՞ղ են այդ մարդկանց 1000 դրամ վճարումները, եթե չեն երևում «Զինծառայողների հատուցման հիմնադրամի» հաշվարկներում։ Այս հարցն այսօր Ազգային ժողովում վարչապետին ուղղեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որ նաև հիմնադրամի հոգաբարձուներից է։

«Ինձ ասում են՝ խաբե՞ց վարչապետը, սո՞ւտ են ասում։ Ես ասում եմ՝ ոչ, վարչապետը հո չի կարող սուտ ասել, երևի էդտեղ ինչ-որ մի բան այն չէ։ Ցավոք սրտի, մենք հիմա Ազգային ժողովում չունենք պատգամավոր Փաշինյան, որը մի սուր հարց, որ բաց թողեինք, անպայման կբարձրացներ։ Եվ Ձեր բարի ավանդույթը, պարո՛ն Փաշինյան, որոշել եմ շարունակել Ձեր բացակայությամբ»,- ասաց Ուրիխանյանը։

Նրա հարցին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ շնորհակալ է հարցի համար, որովհետև առիթ էր փնտրում այդ մասին խոսելու համար։ Նա ասաց, որ 2018 թվականի առաջին 6 ամիսների համեմատությամբ 2019 թվականի նույն ամիսներին հիմնադրամ վճարված գումարներն ավելի են 347․8 միլիոն դրամով։

«Աճը վարձու աշխատողների թվաքանակի ավելացման արդյունք է, և սա պաշտոնապես արձանագրված ցուցանիշ է»,- ասաց Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ