Արամեի սպասված նորությունն ու առաջին կադրերը երգչի «Յար ունեմ, պարում եմ» տեսահոլովակից

Արամեի սպասված նորությունն ու առաջին կադրերը երգչի «Յար ունեմ, պարում եմ» տեսահոլովակից: Երգիչը երկրպագուներին շուտով կներկայանա երաժշտական նոր համագործակցությամբ ամերիկահայ DJ Jilber-ի հետ՝ «Յար ունեմ, պարում եմ»։ Երգի երաժշտության հեղինակը Արամեն է, բառերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, տեսահոլովակը նկարահանվել է Դիլիջանում՝ ռեժիսորը Արամեի պրոդյուսերն է՝ Սյոմա Կոդաբաշյանը, օպերատորը՝ Արտյոմ Աբովյանը, հագուստի ոճով զբաղվել է Արամ Նիկոլյանը։

Հատուկ այս տեսահոլովակի համար իրականացվել է միանգամից երկու բավականին մեծ քասթինգ։

«Մենք դերասանուհիների մեծ քասթինգ ենք անցկացրել և վերջին օրերին, երբ  դեռ պարզ չէր՝ ում ենք ընտրելու, իմացա այն դերասանուհու մասին, որին կտեսնեք տեսահոլովակում։ Տեսա նրա լուսանկարները, իր մասնակցությամբ տեսանյութերը, ապա զրուցելով նրա հետ՝ առանց երկմտելու որոշեցինք, որ հենց նա է լինելու և տոմսերը գնեցինք, ու Անյան մի քանի օրով եկավ Հայաստան՝ տեսահոլովակում նկարահանվելու համար։

Եվս մեկ քասթինգ էլ է եղել։ Համագործակցել ենք «Ամարաս» պարային խմբի հետ՝ իրենք, հատուկ մեր տեսահոլովակի համար, տղաների քասթինգ են անցկացրել և այդպիսով առաջին անգամ թարմացված կազմով մասնակցել են մեր տեսահոլովակի նկարահանումներին»,- ասաց Արամեի պրոդյուսերը՝ Սյոմա Կոդաբաշյանը։

Ինչ վերաբերում է DJ Jilber  հետ համագործակցությանն, ապա, ըստ պրոդյուսերի, առաջարկը եղել է հենց ամերիկահայ DJ-ի կողմից։   «Նա շատ վաղուց էր առաջարկել, ուղղակի  համապատասխան  երգ էինք փնտրում, որ  ձևաչափի տեսանկյունից նաև Արամեին մոտ կլիներ։ Եվ երբ  արդեն գրվեց այս ստեղծագործությունը, որոշեցինք, որ համագործակցությունը կկայանա»,- նշեց Սյոման։

Ինչպես լուսանկարներից ու երգի վերնագրից է երևում՝ պարային, գունավոր և աշխույժ գործ է սպասվում։ Չնայած Արամեին իր տեսահոլովակներում բազմիցս ենք տեսել պարելիս, ամեն դեպքում, հետաքրքիր է իմանալ, թե այս համագործակցության մեջ երկրպագուները կատարողին նորովի տեսնելու հնարավորություն ունենալու են, թե՞ ոչ․ ««Յար ունեմ, պարում եմ» երգի տեսահոլովակում  Արամեն հանդես կգա պարային հատվածում և կլինի երաժշտական մի փոքր նոր ուղղվածություն՝ ժողգործիքների օգտագործմամբ»,- ասաց պրոդյուսերը։

Սյոման, ով հանդիսանում է նաև տեսահոլովակի ռեժիսորը՝  նշեց, որ տեսահոլովակը նկարահանվել է Դիլիջանի ռեստորաններից մեկի բակում, ապա հավելեց․  «Այդ հատվածում փոքրիկ հատված կա, որտեղից կարողացել էինք ստանալ կուբայական փողոց։ Մոտակայքի հանգստյան գոտում հանգստացողներին  զգուշացվել էր, որ այդ օրը նկարահանումներ են լինելու, և հնարավոր է նրանց մի փոքր անհանգստություն պատճառենք՝ առավոտյան 5-ից  երաժշտություն միացնելով։

Մենք իհարկե անհանգստանում էինք այդ փաստից, սակայն այնպես  ստացվեց, որ բոլորը մեզանից շուտ էին արթնացել, մեզանից պատրաստված էին  և երբ վերջում փորձեցինք ներողություն խնդրել անհանգստացնելու  համար, նրանք ասացին, որ իրենց իսկապես շատ հաճելի էր։ Իրականում ունեինք հանդիսատեսի բավականին մեծ թիվ  և ասացին, որ իրենց միշտ չէ, որ բախտ կվիճակվի տեսնել տեսահոլովակի նկարահանումներ, այնպես, որ  նկարահանումներն անցնցում, առանց որևէ խնդիրների անցան»։

Տեսահոլովակի պրեմիերան նախատեսվում է սեպտեմբերի սկզբին։ Սյոմայի փոխանցմամբ, լինելու է փակ դիտում՝ Արամեի ընկերների, շոուբիզնեսյան  ներկայացուցիչների մասնակցությամբ, որից հետո արդեն նոր հասանելի կլինի Youtube-յան և հեռուստատեսային տարբերակներով։

Նյութի աղբյուր՝ Bavnews.am

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ